Հետևելով ընդհանուր գործընթացներին,
չի բացառվում, որ Հայաստանը հայտնվի միջազգային պատժամիջոցների տակ։
Կան կասկածներ, որ արտաքին առևտաշրջանառության այն կտրուկ աճերը, որոնք արձանագրվում
են որոշ երկրներում, այդ թվում նաև մեր մոտ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո,
պայմանավորված են պատժամիջոցները շրջանցելու միջոցով վերարտահանումներ իրականացնելով։
Մասնավոապես, նման ռիսկերը
հաշվի առնելով, ԵՄ և նրա դաշնակիցները հետաքննություն են իրականացնում՝
պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման այդպիսի
կտրուկ աճերը։ ԵՄ պատժամիջոցների նորանշանակ ներկայացուցիչը օրերս հայտարարեց, որ ՌԴ-ին
մոտ գտնվող երկրների հետ առևտրի զգալի աճը հարցեր է առաջացնում։ Հարցերը վերաբերում
են նրան, թե արդյո՞ք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներն այլ երկրների միջոցով չեն
մտնում Ռուսաստան, ինչն էլ հանգեցրել է ռուսական շուկայում այդ երկրների արտահանման
այդպիսի կտրուկ աճերին։
Այդ կասկածները ԵՄ պաշտոնյաների մոտ առաջացել են, երբ ԵՄ-ից և այլ երկրներից դեպի Ռուսաստան
առևտրային հոսքերը զանգվածաբար կրճատվել են, փոխարենը՝ որոշ երկրներից առևտրի անսովոր
աճեր են արձանագրվում։ Այդ աճերը նկատելի են եղել հատկապես ՌԴ-ին մոտ գտնվող մի շարք
երկրների պարագայում։ Դրանց թվում դիտարկվում է նաև Հայաստանը։
Ինչպես հայտնի է՝ պատժամիջոցների
սահմանումից հետո ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից արտահանումները դեպի Ռուսաստան ավելի
քան կիսով չափ կրճատվել են։ Բայց դա համընկել է Եվրոպայից ու ԱՄՆ-ից դեպի Հայաստան
ներմուծումների կտրուկ աճի հետ, իսկ դրան զուգահեռ կրկնապատկվել են արտահանումները
դեպի Ռուսաստան։ Թերևս այս հանգամանքն էլ կասկածներ է առաջացրել, որ պատժամիջոցների
տակ հայտնված ապրանքները, որոնց ուղղակի մատակարարումը դեպի Ռուսաստան դադարեցված է,
այլ ճանապարհներով են մտնում ռուսական շուկա։ Այնպես չէ, որ մինչև այդ
ընդհանրապես աճ չկար և միայն դրանից հետո է արձանագրվել, պարզապես պատժամիջոցների կիրառումից
հետո աճի տեմպն անհամեմատ մեծացել է։
Այս մասին օրերս
հրապարակավ հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ գուժելով սանկցիաներ կիրառելու ռիսկերի
մասին։ Փաշինյանը փաստացի ակնարկեց, որ առաջիկայում մենք կարող ենք բախվել այդ երևույթի
հետ, ինչը ՀՀ վրա բավական լուրջ անդրադարձ կունենա։
Որքան էլ համարենք, որ
Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների արդյունքում կարող էին նոր հնարավորություններ
բացել ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար, քիչ հավանական է, որ, միայն այդ գործոնով պայմանավորված, կարող էին այդպիսի կտրուկ փոփոխություններ լինել։
Նման կարճ ժամանակահատվածում անհնարին է ներքին տնտեսության մեջ արտահանման նման պոտենցիալի
ձևավորումը։ Բոլորն էլ փայլուն կերպով հասկանում են, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման
այդպիսի աճերը պայմանավորված են առաջին հերթին տարբեր ապրանքների վերարտահանումներով։
Այդ ապրանքների մի մասը
կարող էին ներկրված լինել ԵՄ երկրներից կամ ԱՄՆ-ից։ Այլ հարց է՝ դրանք առնչվե՞լ են
պատժամիջոցներին, թե՞ ոչ: Ամբողջ խնդիրը սրանում է, այլապես, վերարտահանումներն իրենցից
վտանգ չեն ներկայացնում։ Ընդհակառակը, որոշակի եկամուտներ են ապահովում՝ ինչպես այդ
ապրանքների տեղաշարժով զբաղվողների, այնպես էլ՝ պետության համար։
Հավելենք, որ նմանօրինակ մի իրավիճակ մենք ունեցել ենք դեռևս 2019թ-ին, երբ, մաքսասակագնային արտոնյալ ռեժիմներով պայմանավորված՝ Հայաստանը վերածվել էր դեպի ԵԱՏՄ երկրներ արտասահմանյան ավտոմեքենաներ մատակարարող երկրի։
Օգտվելով
պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայում բացված ազատ տեղերից՝ անշուշտ, գործարար
աշխարհը կարող էր իրեն թույլ տալ տարբեր ապրանքների վերարտահանումներ՝ ռուսական
շուկա։ Խնդիրն այստեղ բոլորովին էլ նրանց հետ չի կապված, տվյալ դեպքում՝ խնդիրն իշխանությունների
դաշտում է, որոնք պարտավոր էին այնպես անել, որ վերարտահանումները չառնչվեին պատժամիջոցների
տակ գտնվող ապրանքներին, որպեսզի հիմա էլ Հայաստանը չհայտնվեր այսպիսի վտանգի առաջ։
Արմեն Հովասափյան









