Երեկ հայտնի դարձավ, որ
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի
ռեկտորի պաշտոնակատար, ինչը հարուցել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների
արդարացի զայրույթը։ Տեղի ունեցածից հետո համալսարանում կրկին բողոքի ակցիաներ են տեղի
ունենեցել, խաթարվել է ուսումնական հաստատության բնականոն գործունեությունը։
Գաղտնիք չէ, որ Բրյուսովի
անվան համալսարանում տեղի ունեցողն ամիսների պատմություն ունի․ անցած տարի իշխանությունն
ամենաբիրտ մեթոդներով փորձեց ռեկտոր դարձնել նույն Գյուրջինյանին, սակայն բուհի աշխատակազմն
ու ուսանողները հետամուտ եղան իրենց իրավունքներին, իրացրեցին բուհական ինքնավարության
հնարավորությունները և ընտրեցին մեկ այլ՝ իշխանության սպասարկու չդարձած մանկավարժի։
Ինչպես և սպասվում էր՝ Նիկոլ Փաշինյանը դա համարեց իր պարտությունը, ընկալեց որպես
իրեն ուղղված հարված ու պատժեց այդ գործը տապալած փոխվարչապետին ու ԿԳՄՍ նախկին նախարարին՝
նրանց ազատելով պաշտոններից։
Այսօր արդեն տեսնում ենք,
որ, որպես մանր վրեժխնդիր, Փաշինյանը որոշել է գնալ մինչև վերջ՝ թքած ունենալով բուհական
ինքնավարության սահմանադրական և իրավական նորմերի, մի ամբողջ ուսումնական հաստատության
դասախոսության ու ուսանողների կարծիքի վրա։ Համաձայնեք՝ այս պատմության մեջ անձերը,
իհարկե, կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է տեղի ունեցողի խորքային, ինստիտուցիոնալ
կողմը, որը դուրս է առանձին վերցրած բուհի տիրույթից և վկայում է պետական և քաղաքական
իշխանության դեգրադացման, ժողովրդավարության կոպտագույն ոտնահարման մասին։
Նիկոլը մոռանում է, որ
իրական ժողովրդավարությունը միայն պետական պաշտոնյաների ընտրությունները, գեղեցիկ
հայտարարություններն ու բաժակաճառերը չեն։ Ժողովրդավարությունն ամենաընդգրկուն իմաստով
իշխանության առավելագույն ապակենտրոնացումն է՝ վերևից ներքև սկզբունքով։ Դա վերաբերում
է՝ ինչպես ՏԻՄ-երի հզորացմանն ու կայացմանը (իրապես զարգացած բոլոր ժողովրդավարություններում
ՏԻՄ-երն ունեն հսկայական դեր ու ազդեցություն), այնպես էլ՝ հանրային-քաղաքացիական միավորումների
ներգրավվածության, ինքնուրույնության մեծացմանը։ Ավելին, բուհերը հենց այդպիսի ակադեմիական
միավորումներ են, որոնք ինստիտուցիոնալ, իրավական
իմաստով ունեն ինքնուրույնության ու ինքնավարության բոլոր, այդ թվում՝ սեփական ղեկավար
մարմիններ կազմավորելու իրավունքները։ Փաշինյանը, սակայն, կոպտագույն կերպով խախտելով
այդ սկզբունքները, ուղղակի, վերևից պաշտոնակատար է նշանակում մեկին, ում հետ բուհի
ուսանողադասախոսական կազմն ուղղակի չի ցանկանում աշխատել։
Ստեղծված իրավիճակում
նշանակվողի անձը երկրորդական է, կարևորն իշխանության միջամտությունն է ակադեմիական
հաստատության ներքին կյանքին, որը գործնականում նշանակում է իշխանության ուզուրպացիա։
Դաժան է, բայց ճակատագրի
հեգնանքով, իսկ գուցե խիստ մտածված ու հաշվենկատ, դա տեղի է ունենում Փաշինյանի կողմից
հնչած՝ «ես իշխանության ուզուրպատոր չեմ և չեմ լինի» հայտարարության հենց հաջորդ օրը։
Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը դեռևս արժանապատվորեն
դիմադրում է իշխանության ուզուրպացիայի այս խայտառակ դրսևորմանը։ Բայց այդ պայքարում
նրանք մեծ հաշվով միայնակ են և չեն ստանում ոչ միայն հանրության լայն շերտերի, այլ
անգամ գործընկերների՝ մյուս բուհերի դասախոսների և ուսանողների աջակցությունը։ Երևի այն
պատճառով, որ մյուս բուհերի ղեկավարներն արդեն հասցրել են ժամանակավոր պաշտոնակատարից
վերածվել մշտական կամակատարի։
Արմեն Հովասափյան









