Foto

Բանակը կազմաքանդելու հերթական փորձը


«Երբ խոսվում է հետպատերազմյան շրջանում մեր ունեցած պրոբլեմների մասին այդ թվում, ցավոք, նաև դավաճանության մասին, սրանով մենք անվանարկում և որակազրկում ենք բանակը։ Առաջարկում եմ, գնահատականներ հնչեցնելիս դա չտարածել զինված ուժերի վրա։ Եթե զինված ուժերում կան արատավոր բարքեր, դրանք պետք է արմատախիլ անենք ու պիտի անենք համատեղ։ Բայց դա տանել նրան, ամբողջ բանակին ասում են դավաճան, բանակի մասին վատ բաներ են ասում, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնա, հեռու մնացեք բանակից այդ տեսակետներով ու այդ մտածելակերպով։ Այսօր զինված ուժերում ծառայում են բազմաթիվ անձնանվեր մարդիկ»: Այս մասին Խորհրդարանում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իհարկե չհամաձայնել Սուրեն Պապիկյանի հետ, այս միանշանակ հարցի շուրջ, չի կարելի։ Իսկ ինչը ստիպեց պաշտպանության նախարարին անդրադառնալ այդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցված արտահայտությունները։ Բանն այն է, որ այդ դաստիարակչական տեքստը պետք էր անձամբ բացատրել Փաշինյանին, քանի որ հենց նա է խոսել 50 զինծառայաողների և սպաների պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղավոր լինելու մասին՝ անմեղության կանխավարկածն հաշվի չառնելով։ Արդյո՞ք հենց այս 5 տասնյակի զինծառայողների և սպաների դավաճանությունը կարող էր բերել նման ելքի, հատկապես, որ այդ գործերն ավելի շատ կարճվում են, դոփում են տեղում, քան ուղարկվում դատարան։ Ավելին՝ պետական դավաճանության որևէ դեպքով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա։

5-րդ շարասյան մասին հայտարարությունները, իրապես, բարոյալքում են բանակը։ Փաշինյանը մեղադրում է բանակին դավաճանության մեջ և այո, այդ պիտակը տարածում է ողջ սպայական անձնակազմի և զինվորների վրա։ Հաջորդիվ էլ խոսում է նոր սպասվող էսկալացիայի մասին։ Պարո՛ն Փաշինյան, զինվորը, որը գիտի, որ իր երկրի ղեկավարությունն իրեն դավաճան է համարում, կամ առնվազն իր և իր զինակից ընկերների մեջ դավաճան է փնտրում, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ ոգով է սահման պահելու։ Ձեր արտահայտությունները և գնահատականները զինովականին ստիպելու են, որ մարտական ընկերոջը չվստահի, նրա մեջ դավաճան փնտրի։ Սա բանակը, որպես իստիտուտ, կազմաքանդելու հերթական քայլն է և կրկին իշխանությունն է բերում օրակարգ։

Այս տեսանկյունից հարցին անդրաարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Տիգրան Աբրհամյանը․ «Այո՛, եթե բանակում պետական դավաճանության դեպք է գրանցվում, չպետք է այդ խարանը տարածել բոլոր զինվորականների վրա, սակայն սրա մասին Պապիկյանը մանրամասն պետք է բացատրի իր վերադասին` Փաշինյանին, ով մի կողմից խոսում է էսկալացիայի բարձր հավանականության մասին, մյուս կողմից` զինված ուժերին մեղադրում դավաճանության, 5-րդ շարասյուն լինելու, իր խնդիրները չլուծելու մեջ:

Մարտական գործողություններից առաջ բանակի հասցեին այսպիսի ծանր մեղադրանքներ, վիրավորանքներ հնչեցնելն անշուշտ ծանր հարված է առանց այդ էլ վիրավոր պաշտպանական համակարգի համար:․․․․ Իսկ դավաճանությունների ու 5-րդ շարասյան փնտրտուքի խնդիրն արդյունավետ լուծելու համար իշխանությունը պետք է սկսի սեփական շարքերից»։

 Այս տեսակետն է կիսում նաև Մովսես Հակոբյանը, ով «Հրապարակի» հետ զրույցում մասնավորապես ասել է․ «Ձեր բարձրացրած հարցերի պատասխանը գլխավոր դատախազի տեղակալը Հանրայինով որոշ ժամանակ առաջ տվել է` Պետրոսի եթերում նա ասել է, որ բոլոր էդ մեղադրանքով ձերբակալվածները՝ կարծեմ 25 թե 28 հոգի, հայրենիքի դավաճանության հոդվածով բոլոր ձերբակալված մարդիկ, բոլորը հակառակորդի հետ սկսել են աշխատել 2020 թվականի ընթացքում, ընդամենը մեկն է, որ 2018 թվականից է հակառակորդի հետ համագործակցել։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են ներդրել «5-րդ շարասյունը», և ինչո՞ւ է ներդրվել, ո՞ւմ մեղքով, իսկ ավելի պարզ՝ «5-րդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է»։ 


Հեղինակ: Աննա Ավետիսյան