«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 150 միջին դասի ավտոբուսով՝ առնվազն 22+1 նստատեղով և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
«Ծրագիրը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ 5 միաժամանակ՝ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 40.0 մլն.ուղևորով:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ կողմից մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում»,-ասված է հիմնավորման մեջ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ 150 ավտոբուսներն արդեն Երևանում են։ Հիմա դրանցից 87-ը սպասում են մաքսազերծման. 20-30 օրից դրանք դուրս կգան երթուղի։
«Ավտոբուսների ներկրման դեպքում երբևէ ԱԱՀ չի մուտքագրվել, ոչ էլ մաքսատուրք։ Ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, քանի որ ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս 87՝ 12 մետրանոց և 150 ավտոբուսները պետք է լինեին Երևանի փողոցներում արդեն։ Ցավոք դա տեղի չի ունեցել և մեր մեղավորությունն է դա»,-ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը նաև նշեց, որ տարվա մեջ կառանձնացվեն նաև ավտոբուսների գծերը, որպեսզի խցանումներից հնարավորինս խուսափեն։
Նախատեսվում է ներկրել նաև Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված։
Ինչպես նախագծի ներկայացման ընթացքում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագրի շրջանակում կստեղծվի 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 660 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։









