Foto

Ամենայն Հայոց կաթողիկոսը դատապարտել է պատրիարք Կիրիլի դեմ մտցված պատժամիջոցները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը դատապարտել է մի շարք երկրների կողմից Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ մտցված պատժամիջոցները, նա նաեւ նշել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ համագործակցության կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌՈւԵ-ի Երեւանի հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Աֆրիկայի պատրիարքական էկզարխ, միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին՝ ամփոփելով Գարեգին II-ի հետ հանդիպման արդյունքները։

«Գարեգին կաթողիկոսն արտահայտել է իր բացասական կարծիքը պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցների մասին (պատրիարքի դեմ պատժամիջոցներ են մտցրել Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ավստրալիան)։ Հայ Առաքելական եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու բազմամյա բարի, եղբայրական հարաբերություններն անփոփոխ են»,- ասել է միտրոպոլիտ Լեոնիդը։

Նրա խոսքով՝ Գարեգին II-ի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել են երկկողմ հարաբերությունների հարցերը։ Հոգեւոր գործիչները նաեւ քննարկել են համագործակցության եռակողմ ձեւաչափը. մինչ այդ բազմիցս տեղի են ունեցել պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Կովկասի Մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումները։ Երեք երկրների հոգեւոր առաջնորդները  քննարկել են այդ թվում եւ Արցախի կարգավորման հարցը։

«Եռակոմ համագործակցությունը նպաստում է երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգալից վերաբերմունքի հաստատմանը։ Նորին սրբություն [պատրիարք Կիրիլի] անձնական վերահսկողությամբ լուծվել է Դադիվանքի մշակութային ժառանգության պահպանման հարցը, ինչն առանձին նշել է Գարեգին II կաթողիկոսը»,- ասել է միտրոպոլիտ Լեոնիդը։

Նա նշել է, որ իրավիճակն այս ուղղությամբ «հեռու է կատարյալ լինելուց», եւ ավելացրել է, որ «Ռուս Ուղղափառ եկեղեցին նախաձեռնում է բոլոր միջոցները եւ գործադրում բոլոր ջանքերը՝ ուղղված խաղաղարարության գործընթացին»։

ՌՈւԵ Երեւանի թեմի ժամանակավոր կառավարիչը մի քանի օր առաջ է այցելել Հայաստան։ Նա կիրակի պատարագ է մատուցել Երեւանում, շփվել հոգեւորականության եւ հավատացյալների հետ, իսկ երկուշաբթի հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։