2022 թվականի արդյունքներով՝ ՀՀ կառավարոթւյան գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները»,- ասել է Փաշինյանն ու ավելացրել.«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, Ադրբեջանական զինուժի ներխուժումները՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա»։
Այսուհանդերձ, ըստ Փաշինյանի, 2022 թվականը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ «Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։
Արդյունքում 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ 12.6 տոկոս տնտեսական աճով»,- ասել է Փաշինյանը։









