Foto

Արցախը «ոչ» է ասում այն ուժերին, որոնք կարծում էին՝ կարող են սպառնալիքով, շրջափակումով Արցախի ադրբեջանացմանը հասնել․ Աբրահամյան

Փաշինյանի մամուլի ասուլիսին ընդառաջ՝ այս համատեղ հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում, մեկնաբանելով Արցախի խորհրդարանի խմբակցությունների հայտարարությունը՝ գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ ազգային-ազատագրական պայքարի հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումներն անփոփոխ են և դրանք պետք է ուղենիշային լինեն նաև ՀՀ իշխանության համար:

Նրանում մասնավորապես նշվում է` Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  ՀՀ իշխանություններից հավատարիմ մնալ  ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փաշինյանի մամուլի ասուլիսին ընդառաջ՝ այս համատեղ հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում: Չնայած դրանում հղում է արվում ՀՀ իշխանությանը, սակայն ազդանշաններ գնում է նաև այլ հասցեատերերի:

Առաջին՝ սա ուղղված է բոլոր այն շրջանակներին` ներսում,  թե դրսում, ովքեր Արցախի հարցը դիտարկում են ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի հետ ինտեգրման շրջանակներում:

Երկրորդ՝ սա պատասխանն է ՀՀ այն պաշտոնյաներին` Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ովքեր Արցախի հարցը դիտարկում են, ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ զուտ արցախցիների իրավունքների և ազատությունների շրջանակներում:

Երրորդ՝ սա ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ Արցախը մերժում է հարցի ցանկացած կարգավորում, որը չի ներառում ինքնորոշման իրավունքի սկզբունքը և գործընթացը մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթ:

Չորրորդ՝ Արցախն ասում է վճռական ՈՉ բոլոր այն ուժերին, ովքեր կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել», - մեկնաբանել է նա: