Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարվանից մեկնարկել առողջության համապարփակ
ապահովագրության համակարգի ներդրումը։ Ընդգծենք, որ արդեն սկսել են արշավը, փորձում
են համոզել, որ այն լինելու է այս վիճակից առողջապահության համակարգի փրկության միակ ելքը։ Բայց
որքան շատ են խոսում դրա մասին, այնքան մերկանում են ստորջրյա խութերը։
Ինչ խոսք՝ ապահովագրությունը կարևոր դեր ունի բժշկական ծառայությունները հասարակության տարբեր շերտերին հասանելի դարձնելու համար, սակայն այն, ինչ ուզում են անել և ինչպես որ ուզում են անել, դառնալու է հերթական պատուհասը։ Շատերը պարզապես անկարող են լինելու վճարել դրա համար, հատկապես, երբ խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր դրամների մասին է։ Աղքատ հասարակության պայմաններում այսպիսի համակարգի ներդրումը, այն էլ այնպիսի տեսքով, ինչպես մտադիր է անել օրվա իշխանությունը, ոչ թե լինելու է փրկություն, այլ դառնալու է իսկական չարիք։ Ստացվում է՝ մարդկանց պատրաստվում են պարտադրել վճարել ապագա հիվանդությունների բուժման համար, այն դեպքում, երբ բազմահազար քաղաքացիներ պարզապես ապրելու և հաց վաստակելու խնդիր ունեն։
Մասնավորապես, կառավարությունն
այնպես է արել, որ ապահովագրական փաթեթի համար յուրաքանչյուր քաղաքացի վճարի անհատապես՝
սեփական աշխատավարձից կամ ստացած եկամուտներից։ Աշխատող քաղաքացու պարագայում կարծես
ամեն ինչ պարզ է՝ նրա աշխատավարձից որոշակի գումար ամեն ամիս կգանձվի հատուկ այդ նպատակով,
թեև այնպես են արել, որ դա ֆորմալ առումով չլինի հարկի կամ պարտադիր վճարի տեսքով,
բայց իրականում հենց այդպես էլ կա (հերթական ֆինանսական բեռը՝ աշխատող քաղաքացու վրա)։
Ընդ որում, ոչ պակաս ծանր բեռ՝ հատկապես ցածր աշխատավարձ ստացողների համար։ Ապահովագրական
փաթեթը կարող է խլել այս քաղաքացիների ամսական աշխատավարձի 10-15 տոկոսը, որը հսկայական
լրացուցիչ ֆինանսական ծանրություն է լինելու նրանց համար։
Սրանք դեռ ծաղիկներն են․ եթե տվյալ աշխատողի ընտանիքում
ևս 1-2 չաշխատող քաղաքացիներ լինեն, որոնք ևս պարտադրված են ապահովագրական փաթեթ ձեռք
բերել, այդ դեպքում աշխատավարձի գրեթե կեսը գնալու է ապահովագրությանը։ Ճիշտ է, առողջապահության
նախարարության պաշտոնյաներն առայժմ խուսափում են հայտարարել ապահովագրական փաթեթի թեկուզ
մոտավոր գինը, այնուհանդերձ կասկած չկա, որ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով դա լինելու
է ոչ պակաս, քան 150-200 հազար դրամ։ Այսինքն՝ եթե ընտանիքում որևէ սոցիալական խմբում
չընդգրկված 3 չափահաս մարդ կա, որոնցից միայն մեկն է աշխատում, այդ ընտանիքը միայն
այդ աշխատողի աշխատավարձի հաշվին ապահովագրական փաթեթների համար պարտավոր է լինելու
տարեկան վճարել առնվազն 450-600 հազար դրամ։ Ասել է թե՝ ընդհանրապես չաշխատող քաղաքացիների
պարտադիր ապահովագրության խնդիրը լինելու է այս համակարգի ամենախոցելի կողմերից մեկը։
Եթե մարդը չի աշխատում, գործազուրկ է, եկամուտ չի ստանում, չի մտնում որևէ սոցիալական
խմբի մեջ, ապրում է ծնողների կամ հարազատների հաշվին, հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք
է մի քանի հարյուր հազար դրամ վճարի ապահովագրական փաթեթ գնելու համար։
Գաղտնիք չէ, որ այսօր
Հայաստանում, տարբեր հաշվարկներով, 150-200 հազար գործազուրկ կա։ Առնվազն 300 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք դասվում են
զբաղվածների շարքին, գործազուրկների մեջ հաշվառված չեն, և հիմա կառավարությունն
ասում է՝ հողից ստացած քո եկամուտներից մեկ անձի հաշվով տարեկան առնվազն 150-200 հազար
դրամ պիտի վճարես պետությանը, որպեսզի 1 տարի, 2 տարի, 10 տարի կամ գուցե 50 տարի հետո,
երբ հիվանդանաս, քեզ անվճար բժշկական ծառայություն մատուցեն։
Առողջության պարտադիր
ապահովագրության ներդրումը դառնալու է իսկական չարիք շատերի համար։ Այն լուրջ ֆինանսական
ծանրություն է լինելու հազարավոր ընտանիքների համար։ Դա ոչ այնքան անհատական, որքան
ընտանեկան բեռ է ենթադրում, որովհետև առնչվելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։
Այն, որ պետությունը մտադիր է սուբիդավորման միջոցով ստանձնել բեռի մի մասը, մեծ բան
չի փոխում։ Ժամանակը ցույց կտա, որ կառավարության մասնակցությունը լինելու
է սիմվոլիկ և էական խնդիր չի լուծելու քաղաքացիների մեծ մասի համար։
Արմեն Հովասափյան









