Foto

Դիվանագիտական «դասախոսության» տարրերը

Ինչպես հայտնի է՝ օրերս Բաքվում գտնվող Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Մասնավորապես նա իր խոսքում նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այս ձևաչափով նոր հանդիպում անցկացնել։ «Հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս»,- հավելել է Լավրովը։

Ի դեպ՝ Ջեյհուն Բայրամովն իր հերթին խոսել է բանակցային գործընթացում որոշակի առաջընթացի և առցանց փուլի մեկնարկի մասին՝ ակնարկելով, որ այն այնքան էլ արդյունավետ չէ, որքան նախորդ ձևաչափը, երբ կային դեմ առ դեմ հանդիպումներ` բանակցային յուրաքանչյուր փուլից հետո: Բայրամովը նաև ակնարկել է, որ չնայած հայկական կողմը  դեկտեմբերին մերժել էր հանդիպել Մոսկվայում, ադրբեջանական կողմը, իբրև թե հավատարիմ լինելով գործընթացին, շարունակում է բանակցություններն այլ ձևաչափերով, զուգահեռաբար հայկական կողմին կոչ անելով վերադառնալ բանակցային սեղան:

Իր խոսքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ նշելով, թե իրենք տեսնում են՝ ինչպես է ԵՄ բացահայտ չարաշահում Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում՝ ՀՀ տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ գործառույթների, մանդատի, տևողության առումով և այն ավելացված արժեքի տեսանկյունից, որը առաքելությունը կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում։ Լավրովը նաև ընդգծել է. «Բայց սա կողմերի ինքնիշխան ընտրությունն է, թե ում հետ համագործակցել։ Մենք մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով։ Մենք առաջնորդվում ենք բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք նախ՝ կհիմնվեին երեք ղեկավարների սկզբունքային համաձայնության վրա՝ նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն՝ տարածաշրջանի բոլոր երկրների միջև»:

Այստեղ շատ կարևոր է հավելել, որ Լավրովն անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունն անվտանգությանն ուղղված սպառնալիք կարող է դիտարկվել, և ԵՄ առաքելությունը կարող է կանխել ՌԴ հետ համատեղ Ադրբեջանի վրա հարձակման վերաբերյալ մտավախությունները»։ Նա ասել է, որ «ՀՀ ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»:

Ընդհանուր առմամբ՝ դատելով այս վերջին դիվանագիտական հռետորաբանությունից՝ կարելի է ասել, որ կա մեծ անորոշություն, թե այս փուլում ինչպիսին է լինելու ՌԴ քաղաքականությունը: Ինչպես բազմիցս խոսվել է, դա պայմանավորված է այն իրավիճակով, որը ստեղծվել է միջազգային հարաբերություններում:

Ըստ էության՝ ստեղծված իրավիճակում ՌԴ դիրքորոշումները բոլոր ուղղություններով հայտնի են Հայաստանին ու Ադրբեջանին, ՌԴ առաջարկները հայտնի են, տվյալ դեպքում ընտրողը կողմերն են: Այս դեպքում Երևանը մերժում է Մոսկվայի նախաձեռնությունը և բանակցում՝ այլ հարթակներում, իսկ Ադրբեջանը խնդիր ունի օգտագործել այս փուլը, քանի որ որքան հեռանում է պատերազմի իր հաղթանակից, այնքան դրա դիվանագիտական ազդեցությունը ևս թուլանում է, իսկ Ադրբեջանը ցանկանում էր այդ հաղթանակից առավելագույնը քաղել: Չմոռանանք, որ նույն սկզբունքով Ադրբեջանը կարող է աշխատել բոլոր հարթակներում: Աշխարհաքաղաքական այս փուլում Ռուսաստանը չի պատրաստվում որևէ ծրագիր առաջ մղել, ինչպես նաև չի պատրաստվում զիջել արդեն իսկ իր ունեցած դիրքերը և ընտրել է դրանք պահպանելու ռազմավարությունը: Ընդգծենք, որ Ռուսաստանը Հայաստանի կայացրած որոշումները մեծ ողբերգությամբ չի ընդունում, քանի որ, այնուամենայնիվ, կա սերտ համագործակցություն նաև Ադրբեջանի հետ:

Դիվանագիտությունը մեծապես խոսքի արվեստ է և երբեմն ամբողջությամբ չի արտահայտում այն ամենը, ինչ կատարվում է և կարող է կատարվել, քանի որ իրավիճակները կարող են արմատապես փոխվել, ինչպես անցյալ տարի, երբ Բրյուսելում տևական բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվեց բանակցային վակում: Ներկայումս, ինչպես տեսնում ենք, կրկին փորձ է արվում վերսկսել: Սա վերածվել է մի շղթայի՝ տեղապտույտի, որն այսօր ավելի խնդրահարույց է ՌԴ-ԵՄ-ԱՄՆ ճգնաժամային հարաբերությունների պատճառով:

Արմեն Հովասափյան