Օրերս Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարից ժամեր անց Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում կատարվածի քաղաքական պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր իրական ժողովրդավարական պետություններում, որտեղ գործում են պատասխանատվության ու հաշվետվողականության ոչ թե բուտաֆորիկ, այլ կենսունակ մեխանիզմներ, սա ոչ թե արտառոց երևույթ է, այլ միանգամայն օրինաչափ։ Ի թիվս այլ գործոնների, նաև իրական պատասխանատվության գործուն ինստիտուտն է տարբերում կայացած ժողովրդավարություններին դրանց իմիտացիաներից։ Ցավոք, ցանկացած նման օրինակ հերթական անգամ պայթեցնում է Հայաստանի՝ «ժողովրդավարության բաստիոնի» փուչիկը։
Ընդամենը մեկուկես ամիս առաջ, Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին զոհ դարձվ 15 զինծառայող։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեպքի վայր այցելեց հրդեհից հետո 3-րդ օրը: Ասեմ ավելին, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պապիկյանը չէին մասնակցել տղաների հոգեհանգստին: Փոխարենը շատ արագ փաստացի գլխատվեց մի ամբողջ բանակային կորպուս։ Բայց եթե անգամ այդ պաշտոնյաները մեղավոր էին, ապա նրանք կրում են տեղի ունեցածի սոսկ գործառնական, ոլորտային պատասխանատվությունը։ Որևէ զինվորական, սակայն, չի կարող կրել բանակում կատարվող ողբերգությունների քաղաքական պատասխանատվությունը, որը պաշտպանության նախարարի՝ այդ պաշտոնում նշանակված քաղաքական անձի պատասխանատվության տիրույթում է։ Հայաստանում քաղաքական պատասխանատվության դասական, դասագրքային մեխանիզմը չի գործում։ Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողներն ու իշխանություն ունեցողները հեռու են դասականությունից ու չեն աղերսվել քաղաքականության դասագրքերին, այլ, որովհետև նրանք իրականում թքած ունեն հաշվետվողականության ու պատասխանատվության վրա։ Իշխանություններին բացառապես հուզում է ժողովրդավարության ոչ թե բովանդակությունը, այլ դեկորացիան, որովհետև նրանք տեսնում են, որ աշխարհաքաղաքական նպատակներով իրենց իշխանությանը քաջալերող ու «ժողովրդավարության առաջընթացով ոգևորվող» արևմտյան կառույցներն ու երկրները գոհանում են ժողովրդավարության հենց ձևական կողմով՝ նույնքան ու ավելի թքած ունենալով դրա գործառնական նշանակության վրա։ Նաև այն պատճառով, որ բովանդակային ժողովրդավարության առկայության դեպքում Հայաստանը չէր ունենա իշխանություն, որը սկուտեղի վրա հանձնում է սեփական շահերը՝ արևմտյան շոյանքներին արժանանալու ու այդպիսով իշխանությունը պահպանելու համար։ Դրա համար էլ Հունաստանում տրանսպորտի նախարարը հրաժարական է տալիս, իսկ Հայաստանում՝ Պապիկյանը շարունակում է վայելել այն պաշտոնը, որի շնորհիվ ստորաքարշ մեծահարուստները նրան նվերներ են մատուցում՝ էժան բնակարանների տեսքով։
Այստեղ մի կարևոր նրբություն կա․ Պապիկյանը, բացի բնակարանային հաճույքներից, ունի ևս մեկ «պողպատյա»
արդարացում։ Նրա շեֆը՝ Նիկոլը, որևէ պատասխանատվության չի ենթարկվել 5000-ից ավելի
զոհերի, 10.000-ից ավելի հաշմանդամների պատճառ դարձած, իր կողմից հրահրված 44-օրյա
պատերազմում կրած պարտության ու դրան հաջորդած մահաբեր արհավիրքների համար։ Դա աչքի
առաջ ունենալով՝ Պապիկյանը, պատմության ուսուցիչ լինելով հանդերձ, երևի թվաբանական
հաշվարկներ է անում՝ պարզելով, որ 15-ը քիչ է 5000-ից, հետևաբար՝ ինքը կարող է շարունակել
բնակարանի վերանորոգումը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի գոյությունը Հայաստանի իշխանության
ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած հանցանք գործելու ու պատասխանատվության
չենթարկվելու իմաստով։
Արմեն Հովասափյան









