Foto

Ամուլսարի հանքի և 44-օրյայի ընդհանրությունը

Օրերս ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկի և տարիներ առաջ Ամուլսարի հանքը շահագործելու թուլտվություն ստացած, բայց իշխանազավթումից հետո իշխանությունների գործուն մասնակցությամբ այդ հնարավորությունից զրկված «Լիդիան» ընկերության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ հանքի շահագործման վերաբերյալ։ Ստորագրված հուշագրով կառավարությունն իր վրա է վերցնում հանքի շահագործման հետ կապված ռիսկերը՝  ռիսկեր ստեղծելով պետության համար։ Այլ կերպ ասած՝ եթե ինչ-որ պահից խոչընդոտներ առաջանան, Ամուլսարի շահագործման հետ կապված, ապա դրանց պատասխանատվությունը կրելու է պետությունը՝ ի դեմս կառավարության։ Իսկ որ այդ ռիսկերը սեպտեմբերյան իրադարձություններից հետո առավել քան իրական են, գրեթե կասկած չկա (շատ հնարավոր է՝ կրկնվի Սոթքի հանքավայրի ճակատագիրը)։

Տեղի ունեցածը ներկայացնենք մի փոքր բացվածքովստորագրված փոխըմբռման հուշագրով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե գործ ունենք նոր խոշոր ներդրումային ծրագրի հետ։ Նշենք, որ խոսվում է 250 մլն դոլար ներդրման մասին, թեև ստորագրված հուշագիրը վերաբերում է 150 միլիոնին։ Բայց անգամ այդ պարագայում խոսքը բոլորովին էլ նոր ներդրումների կամ ներդրումային ծրագրի մասին չէ։ Դեռևս նախկին իշխանությունների օրոք հաստատված Ամուլսարի ծրագիրը ենթադրում էր շուրջ 430 մլն դոլարի ներդրում։ Նախորդ մի քանի տարիների ընթացքում ընդհատումներով իրականացվել է դրանց միայն մի մասը։ Մնացած մասը լինելու է այն 150 կամ 250 մլն դոլարի շրջանակներում, որը պետք է ներդրվի հանքի շահագործումը կյանքի կոչելու համար։ Ըստ ամենայնի՝ դրանք նախկինում նախատեսված ներդրումներն են, որոնք կառավարությունը, սովորության համաձայն, ներկայացնում է նոր փաթեթավորմամբ։ Նախկինում դրանք չեն իրականացվել ու հիմա, հավանաբար համատարած գնաճի հետևանքով, ավելին է անհրաժեշտ ծրագիրն ավարտին հասցնելու համար։

«Այս ծրագիրը շատ կարևոր տնտեսական ազդեցություն ունի Հայաստանի համար»,- հայտարարել է Վահան Քերոբյանը։ Հարկ է այս դրվագում փաստել, որ ժամանակին հենց իշխանությունների գործուն մասնակցությամբ ծրագրի իրականացումը կասեցվեց։ Ավելին, տուրք տալով հասարակության որոշ խմբերի ճնշումներին և հետապնդելով քաղաքական նպատակներ`կառավարությունն անուղղակիորեն օժանդակեց ծրագրի կասեցմանը։ Մարդկանց մոտ հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար, իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։

Հատկանշական է այն, որ բավական տևական ժամանակ իշխանությունները մարդկանց տրամադրում էին, որ հանքը չի շահագործվելու։ Միանշանակ է, որ կառավարությունում պատկերացում չունեն, թե իրենց անպատասխանատու պահվածքի պատճառով այս ընթացքում ինչ ծավալի վնասներ են հասցրել տնտեսութանը։ Կարևոր չէ, որ ստորագրված հուշագրով ստանում է շահագործող ընկերության բաժնետոմսերի որոշ մասը։ Դա ոչ մի կերպ չի փակում այն կորուստները, որոնք այս ծրագրի արգելափակման հետևանքով ուղղակի կամ անուղղակի կրել է երկիրը։ Խոսքը միայն տնտեսական, ֆինանսական կամ սոցիալական վնասների մասին չէ, այլ նախ և առաջ՝ երկրի ներդրումային գրավչության խաթարման։ Դրա հետևանքով ինչքա՞ն ներդրումներ կորցրեց տնտեսությունը։ Ի դեպ՝ շատերը հենց դրա պատճառով հրաժարվեցին գալ ու ներդրումներ անել Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին խոստանում էր տնտեսությունը ողողել ներդրումներով, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո միայն պատճառներ էր փնտրում` չեղած ներդրումները հիմնավորելու համար. ԱԺ-ին ու դատարաններին էր մեղադրում։ Թեև պարզից էլ պարզ է, որ խնդիրը բոլորովին այլ տեղ էր։ Դա այն քաղաքականության հետևանքն էր, որն իրականացնում էր Հայաստանի իշխանությունը, այդ թվում` օտարերկրյա ներդրողների նկատմամբ։

Հարց է առաջանումեթե ամեն ինչ այսպես պիտի արվեր, ինչի՞ համար էին այն թատրոնները, որոնք կազմակերպվեցին հանքի շահագործման շուրջ, և որի հետևանքով մեծ վնասներ պատճառվեց տնտեսությանն ու երկրի ներդրումային միջավայրին։ Թերևս միամիտ հարց է, որովհետև 44 օրյա պատերազմի մասին էլ Փաշինյանն ասում է, որ առանց պատերազմի էլ նույն  հետևանքները կունենայինք, բայց առանց այդքան զոհերի:

Արմեն Հովասափյան