Foto

Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության տեւական լուծման համար. ԱՄՆ-ի դեսպան

Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Քրիստինա Քուինը Ֆեյսբուքում ԱՄՆ-ի դեսպանության հրապարակած տեսահոլովակով դիմել է Հայաստանին։

Դեսպանն ասել է, որ ծնունդով Կալիֆոռնիայից է, նահանգ, որը հայտնի է Սիլիկոնային հովտում նորարար տեխնոլոգիաների կենտրոնով, ազգային պարկերով եւ մեծաթիվ հայ բնակչությամբ։

«Ծանոթ եմ Հայաստանի բազմադարյա հարուստ պատմությանը, մշակութային ժառանգությանը եւ հիացած եմ հայ ժողովրդի անհավատալի տոկունությամբ։ Րոպե առաջ ցանկանում եմ ամբողջովին բացահայտել այս երկիրն ու ճանաչել հայ մարդուն։ Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել։ Արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության տեւական լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը։

«Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում եւ հետամուտ լինել իր ընտրած տնտեսական ու քաղաքական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, եւ ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերը եւ օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա»,- ասել է Քրիստինա Քուինը։