Հարավային Կովկասում և, հատկապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների
և Արցախյան հիմնահարցի շուրջ գլոբալ՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատումն անընդհատ նորանոր
դրսևորումներ է ստանում: Չնայած այն հանգամանքին, որ օրերս Բաքվում Սերգեյ Լավրովը
հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին համառորեն իր միջնորդական ծառայությունները
չի առաջարկում, նկատելի է, որ ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր մարտավարության է անցել,
որում ՌԴ-ի ծառայությունները մերժող պաշտոնական Երևանի դերակատարությունը մինիմալի
է հասցված:
Ինչպես հայտնի է, անցյալ
տարվա երկրորդ կեսին Արևմուտքի և մասնավորապես Վաշինգտոնի հովանու ներքո ձեռք բերված
բարձրաստիճան պայմանավորվածությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության
միջազգային մեխանիզմ պետք է ստեղծվեր: Այս մասին հայտնի դարձավ թելեգրամյան մի փաստաթղթի
հրապարակումից, որը կազմվել էր Արմեն Գրիգորյան-Ջեյք Սալիվան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը:
Ըստ տեղեկությունների՝ հենց այդ փաստաթուղթն էր եղել Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի
միջև հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քննարկումների առանցքային թեման։ Մասնավորապես
փաստաթղթի 3-րդ կետում ասվում էր. «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի,
ով կաշխատի ԼՂ-ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ
անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Ներկայացուցիչները
կապահովեն թափանցիկություն միջազգային հանրությանը՝ իրենց քննարկումների վերաբերյալ»:
Այդ փուլում
խոսքը Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը հաջորդած ժամանակաշրջանի մասին էր,
Ադրբեջանն ըստ էության չհամաձայնեց նման մեխանիզմ գործարկել՝ հատկապես դրա միջազգային
բաղադրիչի պատճառով, թեև նույնիսկ հստակեցված չէր, թե ինչ ասել է «երկխոսության միջազգային
մեխանիզմ»: Այնուամենայնիվ, նման մեխանիզմ գործարկելու հարցը դուրս չի եկել բանակցային
օրակարգից, որը վերսկսվել է և նոր թափով ընթանալու է Արևմուտքի, մասնավորապես՝ Բրյուսելի
հովանու ներքո:
Ի դեպ՝ կարևոր է հավելել, որ օրերս Լավրովի Բաքու կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևն ասել էր, թե Բաքուն պատրաստ է կառուցողական աշխատել ռուսական կողմի հետ՝ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հակամարտությունը կարգավորելու գործում, ինչպես նաև նշել, թե ակնկալում է, որ 2023թ. Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ճեղքման տարի կլինի: Լավրովը պատասխան խոսքում ընդգծել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարաբերություններն ապագայում ևս կամրապնդվեն բոլոր ոլորտներում։ Այստեղ հատկանշական է նաև այն, որ Լավրովը ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին այս այցի ընթացքում ընդգծեց բազմաթիվ անգամներ, ըստ էության ցույց տալով, որ տարածաշրջանում ՌԴ քաղաքականության ճարտարապետության մեջ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լիովին նոր մակարդակի են անցնում:
Ըստ էության՝ ստեղծվել
է լրիվ տրամաբանական մի իրավիճակ, որը միանշանակ չի բխում մեր շահերից։ Այսօր, երբ Հայաստանը խաղադրույքներ է անում Արևմուտքի՝
ԵՄ-ի վրա, մերժելով ՀԱՊԿ-ին և դիմավորելով ԵՄ դիտորդներին, Մոսկվան իր հերթին՝ սերտացնում
է համագործակցությունը Բաքվի հետ՝ առավելապես խաղադրույքներ անելով Բաքվի վրա: Շեշտենք,
որ սա նորություն է ՌԴ անդրկովկասյան քաղաքականության մեջ, որը պայմանավորված
է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, և որոնց ՌԴ-ն պետք
է ինչ-որ կերպ արձագանքեր՝ փորձելով պահպանել իր դիրքերը:
Լավրովը Բաքվում փաստացի
ընդգծեց կողմերի ինքնիշխան ընտրությունը միջնորդի ընտրության հարցում: Ռուսական նոր
մարտավարության տիրույթում, թերևս, պետք է ընկալել նաև խաղաղապահների միջնորդությամբ
Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկումները: Ասել է թե ստացվում է,
որ առանց Երևանի ևս Մոսկվան իր քաղաքականությունն իրականացնում է:
Հատկանշական է, որ ադրբեջանական
այցի ընթացքում Լավրովը հնարավորինս քիչ անդրադարձավ հայաստանյան թեմատիկային՝ փորձելով
շեշտը դնել ռուս-ադրբեջանական նոր մակարդակի հարաբերությունների վրա՝ դրանք որակելով
դաշնակցային-ռազմավարական: Ստացվում է, որ Լավրովի այցի կարևորությունը ռուս-ադրբեջանական
նոր որակի հարաբերությունների ամրագրումն էր:
Այս իրավիճակում չափազանց բարդ է ասել, թե Միշելի հովանու ներքո ՀՀ-Ադրբեջան բանակցություններն ինչպես կանցնեն, եթե բանակցային որոշ բաղադրիչներ անցնեն ՌԴ հովանու ներքո և որոշներն էլ մնան Արևմուտքի համակարգման ներքո:
Արմեն Հովասափյան









