Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբում այսօր հանդիպել
են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ «Արցախպրես» լրատվական գործակալությանը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ
զորակազմի հրամանատարությունից հայտնել են, որ քննարկվել են էլեկտրամատակարարման և
գազի անխափան մատակարարման հարցերը։ «Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել
է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա
միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը»,- փոխանցում է Արցախպրեսը։
Ադրբեջանցիներն էլ հայտնոււմ
են՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Ադրբեջանի «Ղարաբաղի
շրջանում» բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու։
Իսկ թե ո՞վ է արցախահայության ներկայացուցիչը որևէ մեկը չի հայտնում՝ ո՛չ հայկական կողմը, ո՛չ ռուսական և ո՛չ էլ ադրբեջանական։ Մի քանի օր է, ինչ բոլորը հետաքրքրված
են, թե ով է բանակցնում Արցախի անունից։ Աշխարհում
կա ֆիլմերի 7 թափառող սյուժե, որոնցից մեկն հենց այն է, որ հերոսը գործում է թաքնված
և միայն ֆիլմի վերջում է հայտվում։ Ըստ սյուժեի՝ դա սովորաբար լինում է բացասական
կերպարը, որը վերջում բնականաբար, պատժվում է։ Կարևոր է նաև այն, որ այդ բացասկան կերպարը՝
պայմանական «Ռուդոլֆը», կա՛մ ինքն է ոչնչացնում իր թիմակիցներին, կա՛մ նրան պատժելու համար
բարի հերոսները նախ ոչնչացնում են թիմակիցներին, հետո նոր հաջողվում է իրեն գտնել։
Արցախում ևս այդ «Ռուդոլֆին» են փնտրում։ Եթե իմանայինք, թե ո՞վ է «Ռուդոլֆը» հնարավոր կլիներ
պարզել Արցախպրեսի և Ադրբեջանի հայտարարւթյունների անհամատեղելիությունը։ Արցախպրես-ն
ասում է՝ քննարկել են գազի, լույսի անջատումների հետ կապված հարցեր, իսկ մյուս կողմն
ասում է՝ նախնական քննարկումներ են ծավալվել Ղարաբաղի մարզի հայ բնակիչների՝ Ադրբեջանի
Հանրապետությանը վերաինտեգրման վերաբերյալ՝ Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին
համապատասխան։ Իսկ գուցե «Ռուդոլֆի» արցախյան թիմի ներկայացուցիչնե՞րը պատասխանեն։ Նրանք
լռում են, իսկ մամուլի հետ շփումը՝ բացառում։
Հնարավոր է, որ «Ռուդոլֆը» բանակցում է այն, ինչ ուզում է կամ ինչ պետք է, բայց ֆիլմի սյուժեն լավ ավարտ չի հուշում։









