Պետական
շահը՝ որպես քաղաքականության առարկա, ունի ձևավորման մեթոդաբանություն և մեխանիզմներ։
Այնպես չէ, որ կարելի է գեղեցիկ տեքստեր երկնել և դրանք հռչակել՝ որպես պետական շահ։
Դա քաղաքականության այն հասկացություններից է, որը, թերևս, ամենաշատն է իր
վրա կրում տարածության ու ժամանակի ազդեցությունը։ Այն առաջին հերթին հիմնվում է պետական
կազմավորման տարածքային պատկանելության՝ աշխարհագրության վրա, որը, սակայն, կարևոր,
բայց բավարար պայման չէ պետական շահերի համակարգի ձևավորման համար։ Դրա մյուս բաղադրիչը
պատմական և ինստիտուցիոնալ հիշողությունն է, որը տվյալ կազմավորումը ներկայի միջոցով
անցյալից ուղեկցում է դեպի ապագա։
Եթե անկեղծ, ապա այսօրվա Հայաստանի պարագայում պետական շահի ճարտարապետության այս երկու՝ տարածական և ժամանակային չափումները խախտվել են։ Մասնավորապես, 44-օրյա պատերազմից, Արցախի մեծ մասի կորստից հետո հայկական կենսական տարածությունը սեղմվել, փոփոխության է ենթարկվել։ Ավելին, պատմական ու ինստիտուցիոնալ հիշողությունը, որը գոնե Հայաստանի Երրորդ Հանրապետության համար առավելապես խարսխված էր Արցախի վրա, ընդհատվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին, թեև, իհարկե, դրա հիմքը դրվել է ավելի վաղ, երբ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «զրոյական կետից սկսելու» մասին։ Ահա հենց այս գործոնների ազդեցությամբ հայկական պետականությունը վերածվել է անդամահատված, անհիշողություն կամ ամնեզիայով տառապող կազմավորման, որը, եթե անգամ պետք է զբաղվի պետական շահի նոր ճարտարապետությամբ, գործնականում դա անել չի կարող։
Տվյալ դեպքում խնդիրն
այն է, որ պետական շահը համակարգային մտածողության և համակարգերի մտածողության արգասիք
է։ Հայաստանում, սակայն, համակարգեր՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն։ Եղածները
կատարում են զուտ բուտաֆորիկ դեր, իրականում ամեն ինչ՝ ամենափոքր հարցից մինչև պետության
համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունը,
որոշվում է միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իսկ անձը, եթե անգամ նա ոչ թե Փաշինյանն
է, այլ մարդկային պատմության բոլոր ժամանակների բոլոր պետական գործիչների հավաքական
իմաստնության կրողը, չի կարող ձևակերպել ու սպասարկել իրական պետական շահեր, որոնք
ձևակերպելի և սպասարկելի են միայն համակարգային մտածողության ու համակարգերի գործունեության
պարագայում։
Ըստ էության՝ պետության
կազմաքանդումը սկսվում է առաջին հերթին հակակշիռների գործառույթ իրականացնող պետական
համակարգերին անկախությունից, սեփական դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից
զրկելով։ Կհամաձայնեք, թերևս, որ Նիկոլն այդ հարցում հասել է կատարելության, քանի որ
նա ստեղծել է իրականություն, որում ինքը բոլոր պետական համակարգերի մարմնավորումն է,
իսկ բոլոր պետական համակարգերը գործում են ի պետս իր ցանկությունների կատարման։ Այսինքն,
նա ի բնե կազմալուծել է պետական շահի ձևավորման ինստիտուցիոնալ մեխանիզմները, դրա ճարտարապետությունն
ամբողջությամբ, և դարձել է միակ անձը, ով մտածում, մշակում, ձևավորում և իր կարծիքով՝
սպասարկում է պետական շահերը։ Իսկ դա գործնականում նշանակում է, որ ՀՀ պետական շահերը
գերակշիռ մասով իրենց վրա են կրում Փաշինյանի բնավորության գծերի, խառնվածքի, անձնային
որակների, հույզերի, ոգևորության, հիասթափության, իմաստնության, տգիտության, խորամանկության,
մոլորության և բազմաթիվ այլ անհատական հատկանիշների ազդեցությունները։ Վերջում շատ
կարևոր է հավելել, որ եթե անհատը ստանում է պետական շահ ձևավորելու և իրացնելու մենաշնորհ,
վերջինի միջոցով նա առաջին հերթին բավարարում է սեփական շահերը։ Իսկ շահերի հիերարխիայում
անհատական շահերը, նույնիսկ, եթե ներկայացվում են բարձրագոչ ու վեհ ձևակերպումներով,
այդուհանդերձ մանր են ու ճղճիմ։
Ամփոփելով՝ փաստենք, որ Հայաստանի պետական շահ՝ որպես այդպիսին, այսօր գոյություն չունի, կան
Նիկոլ Փաշինյանի անձնական շահեր, որոնք տարբեր ազգանուններով պաշտոնյաներն աշխարհի
տարբեր երկրներում ներկայացնում են՝ որպես Հայաստանի շահ։
Արմեն Հովասափյան









