Օրերս հայտնի դարձավ,
և այդ մասին նշվեց հրապարակավ, որ Հայաստան-Ադրբեջան, այսպես կորչված, «խաղաղության
համաձայնագրի» շուրջ առաջարկների փոխանակման ձևաչափը փոխվել է: Ջեյհուն Բայրամովն այդ
առիթով ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցել են առցանց դիվանագիտության։ «Մենք
միմյանց փոխանցում ենք «խաղաղության պայմանագրի» առաջարկները։ Բայց որքանով դա արդյունավետ
կլինի, ցույց կտա ժամանակը»։ Այս կերպ, ըստ էության, Բայրամովը խոստովանում է, որ կողմերն
առաջարկները միմյանց փոխանցում են ոչ թե միջնորդների կամ հատուկ խողովակների միջոցով,
այլ առցանց ռեժիմով: Ի դեպ՝ Բայրամովը մեղադրել է Հայաստանին, որը «անհիմն կերպով խուսափում
է կառուցողական բանակցություններից»: Նա մասնավորապես նշել էր, թե իրենք հավատում են,
որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես պատմական հնարավորություն ունեն ապահովելու կայուն
խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո:
Պետք է արձանագրենք, որ
«առցանց դիվանագիտություն» տերմինը մոդայիկ դարձավ հատկապես, և հիմնականում, քովիդային
համաճարակի ժամանակաշրջանում։ Քաղաքագիտական բառապաշարում սա նորամուծություն է․ այս պայմաններում էապես
կրճատվում են պաշտոնական ուղիղ շփումները՝ հանդիպումները, համաժողովները, միջազգային
կազմակերպությունների հանդիպումները, սեմինարները, բանակցությունները և այլն:
Ըստ էության՝ ՀայաստանճԱդրբեջան ուղիղ երկխոսությունը,
որն արտահայտվում է առաջարկների առցանց փոխանակմամբ, արևմտյան ծրագրի մի բաղադրիչն
է: Արևմուտքն էր տևական ժամանակ, հատկապես վերջին կես տարվա ընթացքում, կողմերին հորդորում
անցնել ուղիղ աշխատանքի՝ առանց միջնորդների, և այս դեպքում՝ հատկապես առանց Ռուսաստանի:
Այստեղ առանցքայինը, իհարկե, ռուսական ֆակտորի չգոյությունն է գործընթացում: Փաստացի
ստացվում է, որ ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի ունեցած մի շարք հանդիպումները, այդ թվում՝
նախորդ տարի, առաջ մղեցին այդ ուղիղ՝ այս դեպքում առցանց գործընթացը:
Դատելով հայտարարություններից, կողմերը միմյանց փոխանցում են իրենց պատկերացրած, ամեն
անգամ փոփոխած «խաղաղության համաձայնագրի» տեքստեր, բայց այնուամենայնիվ, այդ գործընթացում
ևս քաղաքական կամքը չափազանց կարևոր է, քանի որ այն ևս, ինչպես ստանդարտ բանակցությունները,
կարող է անվերջ շարունակվել: Սակայն սա այդ դեպքը չէ այն տեսանկյունից, որ Արևմուտքն
իր քայլերում այս հարցի շուրջ շտապում է, արագացնում է բարձրաստիճան հանդիպումները,
կապը չի կորցնում կողմերի հետ: Ի դեպ՝ չի բացառվում նաև, որ կողմերի միջև վստահությունն
այնքան է մեծացել, որ այս փուլը լիովին ընկալելի է, բայց ընկալելի չէ, որ սրան զուգահեռ՝
կա ռազմատենչ ու խնդրահարույց հռետորաբանություն և ակնհայտ սպառնալիք:
Ստացվում է, որ այստեղ Արևմուտքի համար ավելի էականն այն է, որ գործընթաց
լինի ուղիղ՝ առանց ռուսական միջնորդության, իսկ իրենք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ
կկազմակերպեն: Իսկ ինչպես տեսնում ենք, հանդիպման ռուսական առաջարկները տեղ չեն հասնում,
թեև գործընթացը կա նույնիսկ միջանցքի փակվածության իրավիճակում, այսինքն՝ խնդիրը Ռուսաստանն
է: Ասեմ ավելին՝ ստացվում է, որ Լավրովը ցանկանում էր հանդիպում կազմակերպել, սակայն
այդ հանդիպման կազմակերպումը մերժվեց։
Արմեն Հովասափյան









