Foto

ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում ոչ մեկի դեմ ուղղված չէ․ Կլաարի արձագանքը Կրեմլին

Հայաստանում ԵՄ 100 անզեն դիտորների տեղակայումը ոչ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն՝ այսպես արձագանքելով Կրեմլից հնչող հայտարարություններին, թե Եվրամիության դիտորդների տեղակայումը Հայաստանում կարող է Կովկասը դարձնել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հարթակ:

Ըստ Կլաարի՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանն իր սեփական գործողություններով այն հրահրի։

Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Կրեմլը, մասնավորապես, գուժում է, որ Եվրամիության դիտորդների տեղակայումը Հայաստանում կարող է Կովկասը դարձնել Ռուսաստան - Արևմուտք հակամարտության հարթակ:

Կլաար․ - Դե, ես դժվարությամբ եմ տեսնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, բացառությամբ, եթե Ռուսաստանը դա հրահրի իր սեփական գործողություններով: Մենք հարյուր հոգուց բաղկացած անզեն առաքելություն ունենք, որն այստեղ է՝ միայն ավելի մեծ վստահություն և կայունություն խթանելու նպատակով: Այն ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով: Եվ ես հույս ունեմ, որ ռուս գործընկերները նույնպես դա ի վերջո կհասկանան, որովհետև ասել, թե անզեն դիտորդական առաքելությունն ուղղված է որևէ մեկի դեմ, իրականում նշանակում է աղավաղել փաստերը:

«Ազատություն»․ - Ի դեպ, որոշ փորձագետներ կանխատեսում են սադրանքներ Եվրամիության դիտորդների և ռուս սահմանապահների միջև, ինչպես Դուք նշեցիք:

Կլաար․ - Հույս ունեմ, որ նման բաներ չեն լինի։ Մենք այստեղ ենք Հայաստանի կառավարության հրավերով։ Մեր այստեղ գտնվելը համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ։ Եվ առաքելությունն այստեղ է, որպեսզի աշխատի աջակցել Հայաստանին և աջակցել Ադրբեջանին խաղաղության գործընթացում: Եվ ես հույս ունեմ, որ ռուսները նույնպես կաջակցեն այդ ջանքերին: