ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքներից մանրամասներ չի հայտնում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում ԱԱԾ-ն ու ի՞նչ արդյունքներ կան:
Սիմոնյանն ասաց, թե պատգամավորի հարցը բացասական ենթատեքստ ուներ. «Երբ կգա ժամանակը, որ զեկույց կունենանք, դուք վստահ եղեք, որ այդ զեկույցը կլինի»:
Ինչ վերաբերում է անցկացված նիստերին՝ նա ասաց, թե ԱԱԾ-ում 3 նիստ է տեղի ունեցել:
«Եթե դուք սպասում եք, որ ես պետք է հաշվետվություն ներկայացնեմ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ չեմ կարող, եթե ձեզ հետաքրքրում են մանրամասները, կարող եք դիմել ԱԱԾ ու ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կստանաք», - ասաց ԱԱԾ փոխտնօրենը:
Սիմոնյանի խոսքով՝ երեկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների գործով հետաքրքրվող 80-ից ավելի մարդկանց հետ:
«Վստահեցնում եմ՝ ԱԱԾ տնօրենը, չնայած իր գերծանրաբեռնվածությանը, ամենօրյա ռեժիմով ընդունում է անհետ կորածների, գերիների հարազատներին ու ցանկացած հարցի ուղիղ պատասխանում է», - հավելեց ԱԱԾ փոխտնօրենը:









