Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանի ողբերգական հրդեից հետո զինվոր է անհետացել, որին փնտրել են ՀՀ ԱԱԾ-ն և ԶՈՒ հակահետախուզությունը։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
«Կրակը հանգցնելուց անմիջապես հետո ԱԱԾ պահանջով արգելվել է կացարան մտնել, անգամ ոստիկանններին արգելել են խոսել ներկաների և վկաների հետ, հրշեջներին, ԱԻՆ-ի աշխատողներին թույլ չեն տվել մտնել ներս և որևէ բանի դիպչել։ ԱԱԾ-ն ու հակահետախուզությունը զինվոր են փնտրել, ո՞վ է եղել այդ զինվորը, գտա՞ն այդ զինվորին, չգտա՞ն, սպանվա՞ծ է, թե՞ կենդանի, գերի՞ է, ոչ ոք ինֆորմացիա չունի, թաքցվում է այդ ինֆորմացիան,- նշեց նա։
Ազատամարտիկը համոզված է՝ զինվորները կրակից չեն մահացել, կրակը մահվան իմիտացիա է, տղաների մահը վրա է հասել երկրորդ ներգործության հետևանքով։ Հովհաննիսյանը տեղեկություններ ունի, որ տարածքում քննչական գործողություններ են իրականացվել տղաների դիերը տարհանելուց հետո միայն, որոնք ևս դուրս են բերվել ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից։
«Որ ասում են՝ ԱԻՆ-ը տարավ, ԱԻՆ-ը չի տարել դիերը, սև մեքենաներով ԱԱԾ-ն է տարել դիերը։ Ինչո՞ւ են այսօր ստիպում կապիտանին, որ իր վրա վերցնի բենզինով այրելու վարկածը։ Եթե Նիկոլը չգիտի այդ սպանության մասին, ինչու է դեպքից մի քանի ժամ անց հայտարարում բենզինի վարկածը, ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ են պայմանավորվել Ալիևի հետ, ի՞նչ պետք է տրվի Ալիևին այդ ուղղությամբ, ինչու դա պետք է լիներ հայ զինվորների գնով»,- հավելց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, վնասվածք է ստացել 7-ը։
Հրդեհից հետո պաշտոններից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամկազմը։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրեական վարույթի շրջանակում արդեն կա երեք մեղադրյալ. զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին, ինչպես նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև այրվածքներով հոսպիտալացված կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
Աղբյուր` Փաստինֆո









