Foto

Եթե լինի նոր փորձաքննություն և ռիսկերը գնահատվեն, ապա պարզ է, որ Ամուլսարը չի շահագործվի. Զարաֆյան


Ամուլսարը կշահագործվի:  «... Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինի և Լիդիան Արմենիա ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր:

Կառավարությունն անհատույց ստանալու է Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն:

Ընկերությունը նաև պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը»: Սա պաշտոնական տեղեկատվությունն է, որը հրապարակել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ուշագրավ է, որ երբ հանքի շահագործումը դեռ գործնական փուլում չէր, քաղաքացիները, բնպահպանները նույնիսկ հերթապահում էին հանքի տարածքում՝ թույլ չտալով, որ աշխատանքներ իրականացվեն: Հիմա, երբ շահագործումն անխուսափելի է,  պայքարը բացակայում է:

Բնապահպան Ինգա Զարաֆյանն ասում է, որ, ըստ առկա փաստաթղթերի, հանքը չպետք է շահագործվի. «Ամուլսարի շահագործման վերաբերյալ բնապահպաններս շատ խորն ուսումնասիրություն կատարեցինք՝ պաշտոնական փաստաթղթեր, ռիսկերի գնահատում, եզրակացություններ և այլն: 2018թ-ից վարչապետի հրամանով 8 պրոֆեսիոնալ եզրակացություն դրաված է եղել իր սեղանին: Կառավարությունը նաև վարձեց «Էվարդ» միջազգային կազմակերպությանը, ծախսեց 450 հազար դոլար՝ իրենցից եզրակացություն ստանալու համար, որն իր եզրակացությամբ նշեց, որ հիմանական ռիսկերը գնահատված չեն»:

Զարաֆյանը վստահ է՝ հանքի շահագործումից հետ Ջերմուկ քաղաքն այլևս առողջարանային չի լինի, դառնալու է բանավան և այն միլիոնավոր ներդրումները, որ արվել  են առողջարանային քաղաք ունենալու համար, ուղղակի զրոյացվում են: Նկատում է՝ տնտեսական շահերի մասին խոսելիս այս մասը շրջանցում են:

«Երբ խոսում են տնտեսական օգուտների մասին, անտեսում են, որ չկա գնահատական, թե ինչ վնաս կկրի առողջարանային հատվածը: Ըստ պաշտոնական փաստաթղթերի, հանքը պետք է աշխատի 8 տարի, իսկ դրանից հետո ինչպե՞ս են վերականգնելու կրած վնասները: Ջերմուկցիները նախկինում հերթապահում էին այնտեղ, իրենցից դժվար էր ազատվել, բայց երբ եղավ 2020թ-ի պատերազմը, շատերը գնացին հայրենիքը պաշտպանելու, մեծ մասն էլ վիրավորվեցին և զոհվեցին: Երբ փորձ էր արվում ինչ-որ աշխատանք սկսել, միանգամից 150 հոգի հավաքվում էին, իսկ հիմա ստացվում է, որ այս գործարքի համար բավականին նպաստավոր գործոններ կան: Հիմա բոլորը զբաղված են անվտանգային հարցերով:  Առողջապահության նախարարն ասում է, բոլոր փորձաքննություններն իրականացրել են: Ոչ մի անգամ առողջապահության նախարարությունը ՇՄԱԳ որոշում տալուց փորձաքննություն չի անցկացնում: Ասում է մոնիթորինգի կարիք կա: Տարբեր-տարբեր մյուս խնդիրների դեպքում նույնիսկ ԱՆ-ն մարդկանց անվճար ստուգում չի անցկացրել: Գուցե այսօր ինչ-որ խումբ ստեղծեն, բայց մինչ այդ չի եղել: Ջրերի ախտոտվածության մասին ենք խոսում, որոնցից ծանր մետաղներ են անջատվելու: Ունենք դա հավաստող փորձաքննություն: Ոչ մի ռիսկի մասին պաշտոնական եզրակացություն չկա, թեև վարչապետն ասել էր, որ բոլոր ռիսկերը կգնահատենք և նոր կգնանք շահագործման: Փաստորեն կառավարությունը չի կատարել իր տված խոստումը: Եթե լինի նոր փորձաքննություն և ռիսկերը գնահատվեն, ապա պարզ է, որ Ամուլսարը չի շահագործվի»,- եզրափակեց մասնագետը:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան