Այս օրերին Ռուսաստանից
ուշագրավ դիվանագիտական հայտարարությունների ու շեշտադրումների պակաս չկա։ Վերջին շրջանում
այդ հայտարարություններում կա հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության
ու ճգնաժամի մեծ հետքը, որում անհետանում է ՌԴ իրական դիրքորոշումը Արցախի կարգավիճակի
հարցում։
Եթե անկեղծ, ապա
ՌԴ դիրքորոշումը ԼՂ կարգավիճակի հարցում հատկապես անորոշ դարձավ Պրահայի հանդիպումից
հետո, երբ, ըստ ռուսական կողմի, հիմք ընդունվեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը իբրև թե
ենթադրում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում (Լավրովն այս մասին խոսել է քանիցս)։ Դրանից բացի,
օրերս ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը ասել
է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն
չկա, և Բաքուն և Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևերի հետ և աջակցում են դրան:
Նրա խոսքով, պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում
են՝ ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի
վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։
Արձանագրենք,
որ տվյալ դեպքում էականն այն է, որ ռուսաստանցի դիվանագետը ֆիքսում է ԼՂ վերջնական
կարգավիճակի անորոշության հարցը՝ ԼՂ կարգավիճակը չդիտարկելով Ադրբեջանի կազմում։ Թերևս
սա պետք է համարել ՌԴ պաշտոնական դիրքորոշում, և Իլյիչևի վերոնշյալ ձևակերպումները
հենց ներկայիս փուլում ամենևին պատահական չեն կարող լինել, և չի բացառվում, որ կապ
ունեն Լավրովի վերջին հարցազրույցի հայկական սուր արձագանքների հետ։ Ըստ էության՝ Ռուսաստանը
դառնում է միակ միջնորդը ներկայումս, որը ԼՂ նման կարգավիճակ է ֆիքսում, հնարավորություն
տալով հայկական դիվանագիտությանն ակտիվորեն աշխատել, օգտագործելով ՌԴ այս դիրքավորումը։
Սակայն, ինչպես երևում է վերջին իրադարձություններից, ՀՀ իշխանություններն ընդհանրապես
որոշել են ՌԴ-ին դուրս մղել բանակցային գործընթացից, իսկ հայ-ռուսական բարձրաստիճան
դիվանագիտական շփումները հասցված են մինիմումի։
Ակնհայտ է, որ
տեղի ուենցող թերևս գլխավոր պատճառներից մեկն էլ, որ ՀՀ իշխանություններին ՌԴ այս դիրքավորումը
չի հետաքրքրում, այն է, որ ԼՂ անկախ կարգավիճակի հարցն այլևս վաղուց արտաքին քաղաքական
նպատակ չէ ՀՀ դիվանագիտության համար, և ներկայումս Նիկոլ Փաշինյանը և մյուսները կարևորում
են միմիայն Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը։
Միանշանակ է,
որ ռուս դիվանագետի ձևակերպումներն իսկապես պատահական չեն և, ամենայն հավանականությամբ,
արվել են հենց այդ մակարդակով կողմերից որևէ մեկին չվանելու, սակայն գործընթացում հստակություն
և ՌԴ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով։ Փաստենք, որ տեղի ունեցող նման զարգացումները
պայմանավորված են ներկայումս ՌԴ իրավիճակի հետ, որը ամենաբարդն է, և ցանկացած դիվանագիտական
հայտարարություն սկսում է շահարկվել հենց Ռուսաստանի դեմ և հավելյալ խաղաքարտ է տալիս
ՌԴ-ի դեմ պայքարող կողմերին։ Սակայն Ռուսաստանը նաև այն միջնորդն է, որն այսօր ներկա
է Ղարաբաղում և ամենալավն է տիրապետում իրավիճակին, բոլոր կողմերի տրամադրություններին,
այդ թվում՝ ԼՂ ժողովրդի իրավիճակին ու տրամադրություններին։ Կարող ենք նաև ընդգծել,
որ Մոկսվան այսօր տարբեր մասերով ունի խնդիր թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և սա էապես
բարդացնում է ՌԴ միջնորդությունն ու դիրքորոշումների առաջմղումը։ Դրանից բացի կարող
ենք նաև եզրահանգել, որ Ռուսաստանը, հասկանալով, որ որպես միջնորդ չի կարողանում լուծել
իր առջև դրված խնդիրները, և Արևմուտքը կարողանում է արդյունավետորեն աշխատել կողմերի
հետ, փորձում է նոր թեզեր դնել շրջանառության մեջ կամ թարմացնել հները և դրանով՝ իր
դերակատարությունը։
Արմեն Հովասափյան









