Foto

Ադրբեջանի գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ-ի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը. Միրզոյան

Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Երկուսուկես ամիս, հումանիտար ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել Լեռնային Ղարաբաղում։ Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր կերպով խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից ԼՂ գազի մատակարարումը, արգելափակված է էլեկտրական հոսանքի մատակարարումը», - ասաց Միրզոյանը։

Նա նշեց՝ Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ-ի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը։

Նախարարի խոսքով՝ ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևոր են այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։

«Կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ», - նշեց Արարատ Միրզոյանը։