Foto

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսով քննարկել է Անդրկովկասում ստեղծված իրավիճակը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Մոսկվան նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Այս մասին ասված է երեքշաբթի օրը հրապարակված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշեց, որ Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել այսպես կոչված՝ ԵՄ քաղաքացիական առաքելություն, ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսական կողմը նշել է նաև, որ Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերի չեղարկումը հակաարդյունավետ է։ «Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակմանը, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: Գալուզինը հաստատել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ հօգուտ Ժնևյան ձաչափի հաստատված օրակարգի շարունակման: