Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:
Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարեգործական բեռների փոխադրման հետ կապված գործընթացների և հասցված բեռի բաշխման մեխանիզմների մասին: Նախարարն ընդգծել է, որ բարեգործական եղանակով ստացված բեռները բաշխվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Գործընթացներն իրականացվում են թափանցիկ հիմունքներով, և այդ մասին հաշվետվությունները ներկայացվելու են բարեգործական կազմակերպություններին:
Նախարարը կարևորել է նաև բարեգործական կազմակերպությունների հետ արդյունավետ գործակցությունն ու մշտական կապը, որպեսզի կազմակերպությունները տեղեկանան առկա կարիքների մասին և նրանց օժանդակությունն առավել թիրախային լինի:
Հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և նախարար Արմեն Մանգասարյանը նաև պատասխանել են հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:









