Foto

Վրաստանը զատում են Իվանիշվիլու եւ Սաակաշվիլու շահերի միջեւ․ Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ չի կարող իրեն ներել, որ ժամանակին աջակցել է «Վրացական երազանքին» եւ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլուն, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

«Դա իմ սխալն ու մեղքն է վրաց ժողովրդի առջեւ։ Ես նույնպես նպաստել եմ Իվանիշվիլու իշխանության եւ «երազանքի» ամրապնդմանը, որովհետեւ պարզապես չէի կարող պատկերացնել, որ մարդը, որն ուներ բոլոր հնարավորությունները, վայելում էր ժողովրդի վստահությունն ու աջակցությունը եւ կարեւոր դրական դեր էր խաղացել Վրաստանի պատմության մեջ, վճռական պահին, իր անձնական շահերի պատճառով, կկանգնի պատմության սխալ կողմում...եւ կգործի գաղտնի, խամաճիկների թիկունքում»,-ասել է Գախարիան: 

«Եթե իշխող կուսակցությունը երկրի ապագան ուղղակի կախվածության մեջ է դնում Իվանիշվիլու ֆինանսական բարեկեցությունից, ապա նրա ընդդիմախոս «Միասնական ազգային շարժումը»՝ Սաակաշվիլու ճակատագրից»,-նշել է Գախարիան:

«Մի կողմից, մեզ համոզում են, որ մենք պետք է այնպես գործենք, որ Իվանիշվիլու փողերը պաշտպանված լինեն։ Մյուս կողմից, մեզ ասում են, որ կարեւորը Սաակաշվիլու վիճակն է, եւ ուրիշ ոչինչ կարեւոր չէ, բացի նրա առողջությունից եւ հարմարավետությունից։ Ի վերջո, երկու կողմերն էլ Վրաստանի ապագան կապում են կամ Իվանիշվիլու կամ Սաակաշվիլու անվան հետ»,-ասել է նա։

Գախարիան հրաժարական է տվել 2021 թվականի փետրվարին՝ հայտարարելով կուսակցության ղեկավարության հետ տարաձայնությունների մասին՝ կապված ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկի Մելիայի ձերբակալության հետ։ 

Սա վերջին շրջանում Վրաստանի նախկին վարչապետի մի քանի նշանակալի հայտարարություններից մեկն է։ Վերջին շրջանում Գախարիան նախընտրում էր հեռու մնալ տեղի ունեցող գործընթացներից: Քաղաքագետները կանխատեսում էին, որ նա կակտիվանա այս տարի՝ ավելի մոտ 2024 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։