Ինչպես հայտնի է՝ օրերս
Երևանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու
հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր
Խովաևը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ
Միրզոյանի և Արմեն Գրիգորյանի հետ։ Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել
են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված
հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին։
Հանդիպմանը
Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության
հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման
անհրաժեշտությունը: Միրզոյանն ու Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի
միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: ԱԽՔ հաղորդագրության
համաձայն, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի
կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման
ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած
հումանիտար ճգնաժամը, անդրադարձել են Արցախի հիմնախնդրի կարգավորմանը:
Հատկանշական է,
որ Խովաևի այցին նախորդեց ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ժեստը․ մասնավորապես, ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների
դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը, խոսելով ԼՂ հակամարտության հարցի մասին, օրերս ասել
էր, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են՝ ինչպես Բաքվում, այնպես էլ՝
Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության
համատեքստում»։ Իսկ Խովաևի այցից առաջ Սերգեյ Լավրովը և Մարիա Զախարովան հաստատել էին
ՌԴ պատրաստակամությունը՝ Մոսկվայում հյուրընկալել Միրզոյան-Բայրամով հանդիպում հովանու
ներքո։ Նշենք, որ Խովաևը նաև այն ռուս դիվանագետն է, ում անունը կապվում է վերջին շրջանում՝
մոտավորապես մեկ տարվա կտրվածքով, Հայաստանին առաջարկված կարգավորման ամենահայամետ
փաթեթի հետ, և այդ փաթեթը ստացել է «Խովաևի պլան» անվանումը։
Այս առիթով ՀՀ իշխանությունները
քանիցս հայտարարել էին, որ այդ պլանին իրենց համաձայնությունը տվել են դեռևս սեպտեմբեր
ամսին, սակայն մինչ դա բանակցում էին արևմտյան հարթակում Շառլ Միշելի հովանու ներքո
և Վաշինգտոնում, իսկ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպմանը բովանդակությամբ
լիովին այլ հայտարարություն համաձայնեցրին, որից հետո սկսեցին ակտիվորեն խոսել ռուսական
առաջարկների մասին։ Իսկ ըստ ռուսական կողմի՝ Պրահայում համաձայնեցված փաստաթուղթն ավելի
անորոշ դարձրեց ռուսական կողմի աշխատանքն ու առաջարկները։ Դեկտեմբերին հայկական
կողմը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում նախատեսվող Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը՝ Լաչինի միջանցքի փակման պատճառաբանությամբ։ Սակայն կողմերը, ինչպես երևում է և ինչպես
հաստատեց օրերս Միրզոյանը, փոխանակվում են առաջարկներով և աշխատանքը լիովին դադարեցված
է։
Խովաևի այցը սպասելի է, սակայն այն կարելի է բացատրել մի քանի հանգամանքներով։ Ինչպես հայտնի է՝ օրերս ԱՄՆ-ը Ֆիլիպ Ռիքերի փոխարեն տարածաշրջանում նոր դիվանագետ նշանակեց, որը պետք է զբաղվի բանակցային գործընթացով, ինչպես Խովաևը։ Դեպքերի զարգացումներից կարող ենք եզրակացնել, ինչ-որ տեղ նաև ակնհայտ է, որ ամերիկացի նոր դիվանագետն առաջիկայում կայցելի տարածաշրջան: Ուստի չի բացառվում, որ ռուսական դիվանագիտությունը որոշել է առաջ ընկնել այդ այցից և որոշակի առաջարկներով հանդես գալ, փորձել առաջ մղել ռուսական հովանու ներքո բանակցային գործընթացը, քանի որ ակնհայտ է, որ ամերիկացի նոր դիվանագետը փորձելու է հանդիպում կազմակերպել և առաջ մղել վաշինգտոնյան պրոցեսը։
Ի դեպ՝ բացի այս ամենից, դեպքերն ու ողջ աշխարհաքաղաքական «փոխատեղումները» ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ռուսական կողմն աշխատում է կողմերի հետ, առաջարկներ են փոխանակվում, բնականաբար, կողմերի հետ բազմաթիվ հարցեր կան քննարկելու։ Ռուսաստանն անընդհատ առաջարկում է նախարարական հանդիպում կազմակերպել, միանանակ է, որ այս առաջարկը և դրա հնարավորությունները քննարկվել են։ Կարող ենք ենթադրել նաև, որ ռուսական կողմը նոր առաջարկներ չի ներկայացրել, քանի որ թեմայի տեղյակ և բանակցող կողմերը նշում են անորոշության մասին։ Այստեղ ավելի հավանական է կարծել, որ ՌԴ-ն ձեռքը պահում է իրավիճակի զարկերակի վրա՝ փորձելով շփումներ կազմակերպել և հասկանալ կողմերի տրամադրությունները, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ։ Ասել է թե, այս ամենը պետք է դիտարկել գործընթացի մեջ, որտեղ ՌԴ դիրքորոշումներն էական փոփոխություն չեն կրել, քանի որ ՌԴ-ն նաև չունի այդ ռեսուրսն ու ժամանակը՝ կողմերի համար ինչ-որ նոր բաներ մշակելու։
Արմեն Հովասափյան









