Foto

Չեմ բացառում, որ որոշակի փուլում ԵՄ առաքելությունը ունենա նաև ռազմական կոմպոնենտ. Աբրահամյան

Չեմ բացառում, որ որոշակի փուլում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես շարունակություն կունենա ռազմական կոմպոնենտ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ԵՄ դիտորդների մանդատի առումով դեռ անհասկանալի իրավիճակ է, օրինակ, ամբողջությամբ պարզ չէ, թե ինչ լիազորություններով, ինչ տեխնիկական միջոցներով և ինչ ֆունկցիա են պատրաստվում իրականացնել նրանք, հետևաբար հիմա դժվար է գնահատել դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը իրավիճակի վրա»,– նշեց պատգամավորը։

Աբրահամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորը դիմակայություն կա. խնդիրն այն չէ, թե այս բևեռներից որն ավելի արդյունավետ կարող է հակազդել Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներին, այլ այն, որ Հայաստանը և ՀՀ ցանկացած իշխանություն ամեն ինչ անեն Արևմուտք–Ռուսաստան դիմակայության դաշտ չմտնելու համար։

Նրա խոսքով՝ դիտորդների տեղակայման գործընթացը տեղի է ունենում Մոսկվայի և Արևմուտքի հակամարտության համատեքստում, և այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների հայտարարությունները կրակի վրա յուղ լցնելու գործառույթ են իրականացնում` անկախ իրենց ունեցած նպատակներից։

«Իրավիճակը եկել , հասել է մի կետի, որ երկրի փորձագիտական հանրությունը և քաղաքական շրջանակները դիտորդական առաքելությունը դիտարկում են ոչ թե վերջնական արդյունքների, այլ Արևմուտք-Ռուսաստան առճակատման տեսանկյունից»,– ընդգծեց

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի. այս իրավիճակում այլ երկրների և խաղացողների հետ ցանկացած տեսակի համագործակցություն կառուցելիս Հայաստանը պետք է հաշվի առնի այդ կազմակերպությանն անդամակցելու հանգամանքը։

«Եթե Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում փոփոխություններ են եղել, ապա իշխանությունները պարտավոր են բացահայտ խոսել այդ մասին»,– ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտնի դարձավ հունվարի 23-ին։