Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում կայացավ իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված են 23 արվեստի գործ։

Անվանի արվեստագետն, առաջին անգամ, իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է Արդի Արվեստի Կենտրոնին, այդպիսով՝ Երևան քաղաքին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոց հատվածում՝ «Արվեստի խաչմերուկում», համալրելով Արդի Արվեստի Կենտրոնի հավաքածուն։
Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։
«Ժամանակի արտացոլանքը» իսլանդական արդի արվեստը ներկայացնող լայնածավալ ցուցահանդեսի իրականացումը Հայաստանում՝ տարածաշրջանում կարևոր քայլ է հայ-իսլանդական արվեստային համագործակցության զարգացման գործում։
Այն հանդիսանում է Հայաստանում և տարածաշրջանում իսլանդական արդի արվեստի զարգացման միտումները ներկայացնող առաջին լայնածավալ նախագիծը։
Իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքն» առաջին անհատական ցուցահանդեսի իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․-ի օգոստոսի 11-ը։









