ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱԼՏՈՆԻԶՄ
(ինչպես ախտորոշել ու վնասազերծել)
Հայոց հասարակական - քաղաքական - պետական վերնախավը տանջալի տվայտանքների մեջ, չես հասկանում ով ուրախության, իսկ ով տխրության արտասուքն աչքերին, միահամուռ կրկնում է, որ հայ ժողովուրդը ազգային գաղափարախոսություն չունի՝ թվարկելով դրանից շատ հեռու գնացող կործանարար հետևանքները։ Վերջիններս նույնպես ներկայացվում են ինչպես գորշ, այնպես էլ վարդագույն գույներով։
Որպեսզի «ազգ» ու «գաղափարախոսություն» բառերը շրջանառությունից լրիվ հանվեն, իսկ նպատակներից տեսանելի մնա միայն նվազագույնը՝ բառապաշարի արքա են կարգվել «կարմիր գծերը»։
Բոլորն ասում են . - Կարմիր գծեր չունենք։
Որպես շրիշակի մակարդակից ցածր, բայց այն ու ամենայնիվ կարմիր գիծ ունեցող սուբյեկտ երբեմն հիշում են երկու բևեռների միջև երկու աչքից շլացած լայն զանգվածներին՝ ում ժեխ են անվանում։
Այս տարածված հիվանդությունը ուրիշ ոչինչ, քան ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱԼՏՈՆԻԶՄ չես անվանի.
Մարդիկ համառորեն շփոթում են Հայոց Եռագույնի կարմիրը հարևան երկրների դրոշների այլ գույների հետ՝ կուզես ուղիղ աչքը մտցրու։ Համառորեն շփոթում են նույնիսկ թուրքական ու վաղուց ոչ ևս սովետական կարմիրների նրբերանգները (խորը, խրոնիկական դալտոնիզմ)։
Մի աներևույթ գերբնական ուժ պինդ փակել է իրենց վերնախավ համարող մարդկանց դեպի ուղեղ տանող տեսողական, լսողական ու զգայական բոլոր
կապուղիները։
Իրեն բանական համարող հայ մարդը, Հայաստանի քաղաքացին.
- Չի տեսնում, չի լսում, չի զգում, վերջին հաշվով չի ապրում համազգային ջանքերով վաստակած, պետական բարձրագույն մարմնի կողմից վավերացված ու այդ անձնագրով անկախ պետությունների ընտանիք մտած օրինական փաստաթղթի կանոններով։
- Չի ընկալում ազգային ու համամարդկային արժեհամակարգերը ներդաշնակելու պահանջով Անկախ պետականություն հաստատելու ազգային գաղափարախոսության սեղմագիրը որպես ազգային ծրագիր։
- Իջեցման ենթակա նշաձող է անվանում ազգային երթևեկության այն նշագծերը (հատկապես կարմիր գծերը), որոնք տրորելու դեպքում ինքը պետք է անխոս տուգանվի, կամ զրկվի առնվազն հասարակական -՝քաղաքական - պետական ուղևորատար միջոց վարելու իրավունքից։
Չիմանալը, չտեսնելը, չլսելը, չզգալն ու չհասկանալը ոչ ոքի չի ազատում պատասխանատվությունից …
Հուսով եմ կռահեցիք, որ խոսքը Հայաստանի Անկախության Հռչակագրի, մասին է։
Ասում են շլությունը բուժվում է, դալտոնիզմը՝ ոչ։
Զարգացած երկրներում տեխնիկական միջոցներ են կիրառում հանրային կյանքում, հատկապես երթևեկությունում դալտոնիկների իրավունքները չսահմանափակելու համար։
Մենք պետք է քաղաքական դալտոնիկներին ժամանակավորապես զրկենք գույների ու դրանց հնարավոր շփոթության հետ կապված գործառույթներին մասնակցելու իրավունքից։
Իհարկե, բոլորս միասին՝ նրանց խոսքն ու գործը որպես հնարավոր շփոթության հետևանք ընդունելու միջոցով։
Իսկ ինստիտուցիոնալ կառույցները իրենց լիազորությունների համաձայն։
Չափորոշիչները՝ Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանով, բովանդակությամբ, էությամբ, ոգով ու հստակությամբ ներդաշնակված 12 հոդվածներն են։
Ու մեկընդմիշտ հիշում ենք, որ պատմության այս պահին մեր ամենօրյա գործունեության, հայոց պետականության գլխավոր հատակագիծը, հայոց գաղափարախոսության ու արժեհամակարգի սեղմագրերի պահոցը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ Է: