Foto

Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը․ Մարուքյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերում» անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը։

«Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։ Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը», - գրել է Էդմոն Մարուքյանը:

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Հայաստանն ու Իրանը հարձակման են պատրաստվում Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն  ու ԱԱԾ-ն հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ: