Foto

Նիկոլի անձի երկվությունը

Թերևս բոլոր տրամաբանող ու բանականություն ունեցող անձիք կհամաձայնեն, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում տրամաբանություն փնտրելը, իհարկե, անհույս ու դատապարտված զբաղմունք է։ Գաղտնիք չէ, որ նրա համար սովորական է դարձել միևնույն ելույթի մի հատվածում հայտարարել մի բան, հաջորդ պարբերությունում՝ խոսել դրա ճիշտ հակառակի մասին։ Օրերս Կառավարության նիստում ունեցած ելույթի սկզբնական հատվածում նա խոսել է Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի (իր խոսքերով՝ «Արցախի հայության») նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում նոր պատերազմի պատրաստվելու մասին։

Ըստ էության, այս ելույթի այդ հատվածից հետո միակ ողջամիտ ակնկալիքն այն է, որ նման իրավիճակում երկրի ղեկավարը պետք է խոսի բոլոր հնարավոր միջոցներով Լաչինի միջանցքը ժամ առաջ բացելու անհրաժեշտության և իր իսկ կողմից որպես իրական սպառնալիք ներկայացվող պատերազմին բոլոր հնարավոր միջոցներով պատրաստվելու մասին։ Բայց դա նորմալ ակնկալիք է նորմալ ղեկավարի, և ոչ երբեք՝ Փաշինյանի պարագայում։ Բանն այն է, որ նա ելույթի սկզբում հայտարարելով այդ ամենը՝ որպես Լաչինի միջանցքի բացմանն ուղղված անելիք, խոսում է միայն «միջազգային հանրության միջոցով Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մասին», ինչից կարելի է ենթադրել, որ եթե միջազգային հանրությունն իր քաղաքական շահերից ելնելով ոչինչ չի անում Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար, Հայաստանը որևէ այլ գործնական անելիք չունի։

Ի դեպ՝ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում նոր պատերազմի պատրաստվելուն, ապա այս հարցում Նիկոլը գերազանցում է ալոգիզմի (տրամաբանության օրենքները շեղող) բոլոր ռեկորդները և խոսում է ոչ թե պատերազմին պատրաստվելու մասին (ինչպես կվարվի ցանկացած երկրի ցանկացած նորմալ ղեկավար), այլ կրկնում է «խաղաղության օրակարգից» չշեղվելու վերաբերյալ իր մանտրան։ Ընդ որում, նրան ակնհայտորեն դուր չի եկել, որ Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանից հնչել են հակաադրբեջանական հայտարարություններ։ Ըստ ամենայնի, այդպիսի փորձեր եղել են նաև ինչ-ինչ պաշտոնյաների կողմից, որոնք Նիկոլ Փաշինյանին զայրացրել են։ Չի բացառվում, որ գուցե դրանք զայրացրել են Ալիևին, որը Փաշինյանի միջոցով այդ զայրույթը փոխանցում է «հայ գործընկերներին»։ Այլ կերպ դժվար է գնահատել իրողությունը, երբ մի երկրի նկատմամբ, որը, ըստ մյուսի ղեկավարի գնահատման՝ էթնիկ զտում է իրականացնում և պատերազմ է նախապատրաստում, կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել։

Փաստենք այն առանցքային դրվագը, որ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային պատերազմի, ելույթի վերջում ասում է. «Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս  օրակարգից»։ Այսինքն՝ եթե նույնիսկ վաղը Ադրբեջանն իրականացնի իր պատերազմական սպառնալիքը, Նիկոլը շարունակելու է հայտարարել, որ «որևէ սադրանքով հնարավոր չէ մեզ շեղել մեր օրակարգից»։

Հետաքրքիր է, ինչպես կվերաբերվեն մարդիկ մեկին, ով հայտարարում է, որ հարևանը պատրաստվում է հարձակվել իր տան վրա, և հաջորդ պահին տան անդամներին հրահանգում է տոնական պատրաստություն տեսնել՝ հարևանին դիմավորելու համար։ Թերևս լավագույն դեպքում նման մեկը կհայտնվի հոգեբուժարանում, ավելի հավանական է, որ այդպիսի անհեթեթությունից հետո նրան անգամ բարևողներ չլինեն։ Իսկ գործադիրի «հարգարժանները» դեմքի բթամիտ արտահայտությամբ լսում են այդ ցնդաբանությունը, ավելին՝ մտքում պատրաստվում են Ալիևի հասցեին «զսպվածություն ցուցաբերելու» հրահանգի կատարման սեփական տեքստերը։

Արմեն Հովասափյան