Foto

Ամերկյան իմիտացիան և քողարկված ցանկությունները

Ինչպես հայտնի է՝ բավական մեծ ոգևորությամբ օրեր առաջ հայաստանյան լրատվամիջոցները տիրաժավորում էին ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցն Ալիևի հետ, որում Անտոնի Բլինքենն Ալիևին կոչ էր արել վերաբացել Լաչինի միջանցքը:

Արձանագրենք, որ այս համատարած ոգևորության մեջ, իհարկե, կորում են չափազանց նուրբ, սակայն մեծ կարևորություն ունեցող դիվանագիտական ձևակերպումներ: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ամերիկյան կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում առանձնահատուկ կերպով նշվում է, որ պետք է վերաբացվի միջանցքը «կոմերցիոն երթևեկության» համար:

Ըստ էության՝ Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը, բացի, իբրև թե, բնապահպանական խնդիրներից, միջազգային հանրությանը որպես ստեղծված իրավիճակի պատճառ՝ սկսել է մատուցել այն, որ միջանցքն օգտագործվել է Արցախ ականներ տեղափոխելու նպատակով: Պատահական չէ, որ այս մասին վերջերս խոսեց նաև Սերգեյ Լավրովը։ Թերևս հենց այս թեմայի շարունակությունը կարելի է համարել նաև ԱՄՆ պետքարտուղարի կոչը՝ բացել միջանցքը միմիայն առևտրային շրջանառության համար:

Կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, դժվարանում է իրավիճակը պահել այնպես, ինչպես կա, ուստի փորձում է նոր արհեստական թեմաներ գցել դաշտ, որը չի կարող երկար շարունակվել: Այստեղ կարող է տպավորություն ստեղծվել, թե ամերիկյան կողմը թեքվել է ՀՀ կողմ, սակայն դա իրականում այդպես չէ, ՀՀ-ն և հայկական խնդիրները, մասնավորապես՝ հայ-թուրքական տարաձայնություններն են ըստ անհրաժեշտության շահարկվել ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ Հայաստանի մասով դա է հարկավոր եղել ԱՄՆ-ին:

Գաղտնիք չէ, որ հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան կողմի քաղաքականությունը շատ լայն բնույթ ունի՝ հիմնականում դուրս մղել Ռուսաստանին, Թուրքիային ավելի հմտորեն օգտագործել և թույլ չտալ մեր գոտում տարածաշրջանային տերությունների ալյանսներ ՌԴ-ի, Թուրքիանի և Իրանի մասնակցությամբ: Այս հարցում ԱՄՆ-ին հարկավոր է Ադրբեջանը, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի դեմ, ԱՄՆ-ին հարկավոր է Հարավային Կովկասում հեղինակազրկել ՌԴ-ին՝ որպես միջնորդ, որպես խաղաղարար, որպես անվտանգության երաշխավոր, իրեն դիրքավորելով՝ որպես խաղաղարար, արդյունավետ և ազդեցիկ միջնորդ:

Պետք է փաստենք, որ ամերիկյան քաղաքականությունը հայամետ կամ ոչ հայամետ դիտարկելը միամտություն է, քանի որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանը տեսնում է մեկ ամբողջության մեջ՝ գլխավոր նպատակ ունենալով զսպել Ռուսաստանին ու Իրանին, պոկել Թուրքիային Ռուսաստանից: Ըստ էության՝ Հարավային Կովկասում հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ հակամարտությունն այդ ճանապարհին մի բաղադրիչ է:

Տրամաբանական է, որ ամերիկյան կողմը կցանկանա, որ Լաչինի միջանցքը բացվի իրենց կոչերի արդյունքում, ինչը կշեշտի, որ ռուսական խաղաղապահությունը չկարողացավ այդ խնդիրն իրականացնել և այնտեղ ավելորդ է: Իհարկե, այլ հարց է, որը քիչ հավանական է, որ այս կոչերի արդյունքում ճանապարհը բացվի, բայց նաև պետք է հասկանալ, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի համար ավելի ու ավելի բարդ է ճանապարհը փակ պահելը, որովհետև, ի վերջո, անընդհատ կա միջազգային խոսակցություն, ճնշում և ուշադրություն այս հարցի նկատմամբ: Հասկանալի է նաև այն, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշել որքան հնարավոր է, բայց արձնաագրենք նաև, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի դեմ։

Արմեն Հովասափյան