Արդեն մի տեսակ
ավանդույթ է դարձել, երբ ականատես ենք դառնում,
թե ինչպես ՀՀ արտաքին քաղաքականությունը բոլոր
ուղղություններով հետևողականորեն տապալած և դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնված
հայաստանյան իշխանությունները ժամանակ առ ժամանակ փորձում արտաքին քաղաքական հաջողություններ
և հագեցած օտարերկրյա այցերի դեմոնստրացիա իրականացնել: Ուշագրավ է, որ վերջին շրջանում
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը բաց չի թողնում դեպի արևմտյան երկրներ այցի որևէ հնարավորություն՝
զուգահեռաբար մերժելով ՌԴ հանդիպումների առաջարկները:
Մասնավորապես, օրերս Միրզոյանը
եռօրյա աշխատանքային այցով Բրյուսելում էր: Այս այցը փորձագիտական և քաղաքական շրջանակների
ուշադրությունը գրավեց հենց սկզբից, քանի որ հայտարարվեց Բրյուսելում սպասվող հանդիպում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Միրզոյանի բրյուսելյան այցի օրակարգում
էին նաև հանդիպումներ Ժոզեպ Բորելի և Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ: Ըստ էության՝
հանգամանալից վերլուծելով այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների քանակը, օրակարգն
ու քննարկումների բովանդակությունը՝ կարելի է ասել, որ այն հեշտությամբ կարող էր տեղավորվել
ամենաշատը 1-2 օրվա մեջ, և տպավորություն է, որ խնդիր էր դրված ուռճացնել այցի օրակարգը:
Փաստացի Միրզոյանը
Բրյուսելում հանդիպել է ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի, Եվրոպական
խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ, ինչպես նաև ունեցել ելույթ ու հարցուպատասխան
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում: Այս ամենը նախարարությունը ներկայացրել
է երեք առանձին հաղորդագրություններով: Դիվանագիտական այցերի արարողակարգին ծանոթ գործիչները
կփաստեն, որ սովորաբար մեկ կառույցի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները, այդ
կառույցում ելույթները, հանդիպումները ներկայացվում են մեկ հաղորդագրությամբ, հատկապես,
երբ այդ հանդիպումների մակարդակը ամենևին չի համապատասխանում ՀՀ ԱԳ նախարարի մակարդակին:
Արձանագրենք,
որ այս դեպքում արտգործնախարարությունը խնդիր ուներ հագեցնել, լցնել եռօրյա այցի օրակարգը
բովանդակությամբ և հնարավորինս շատ հանդիպումներով՝ անկախ նրանից, թե ում է հանդիպում
Միրզոյանը։ Առանձին վերլուծության թեմա է Միրզոյանի ելույթը և քննարկումը ԵԽ արտաքին
հարցերով կոմիտեում: Ի դեպ, հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ Միրզոյանի՝
ՀՀ շահերի հետ ոչ մի առնչություն չունեցող ելույթը ներկայացվել է առանձին հաղորդագրությամբ,
սակայն քննարկումը վարվել է փակ ռեժիմով:
Ընդգծենք, որ
տարածվող տեղեկությունների համաձայն՝ հենց հայկական կողմն է հանդես եկել նման խնդրանքով,
որպեսզի քննարկումից որևէ մանրամասնություն չհրապարակվի: Թերևս, կարելի է ենթադրել,
որ Միրզոյանը Եվրախորհրդարանում որոշել է լիովին անկեղծանալ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական
նախընտրությունների և Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, գործընթացի, Արցախյան հիմնահարցի
վերաբերյալ իշխանական պլանների շուրջ: Կարևոր է հավելել, որ Միրզոյանի ելույթում Արցախյան
հարցի քաղաքական կարգավորումը հավասարեցված է բացառապես մարդասիրական խնդրի, որևէ խոսք
չկա հակամարտության քաղաքական կարգավորման, ՀՀ անելիքների մասին այդ հարցում:
Ասեմ ավելին՝
Միրզոյանն առաջին անգամ ԵԽ-ում պաշտոնապես խոստովանեց, որ ընդունել են Ադրբեջանի առաջարկը՝
առանձնացնելու Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, գործընթացը ԼՂ հակամարտության կարգավորման
հարցից, սակայն նույնիսկ այդ իրավիճակում չի հաջողվել Ադրբեջանի հետ համաձայնության
գալ: Ի դեպ՝ ընդգծենք նաև, որ այս «գերհագեցած» այցի ընթացքում Միրզոյանը հանդիպել
է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, ով ընդամենը մի քանի օր առաջ էր այցելել
Երևան և Բաքու, ու պարտադիր չէր հասնել Բրյուսել՝ Կլաարին հանդիպելու նպատակով, քանի
որ Կլաարը ԵՄ-ից Երևան ամենահաճախ այցելող պաշտոնյան է, ով համակարգում է Հայաստան-Ադրբեջան
գործընթացի ԵՄ միջնորդությունը և գրեթե ամեն ամիս այցելում է տարածաշրջան:
Ըստ էության՝
գեոպոլիտիկ զարգացումների ներկայիս փուլում Միրզոյանի բրյուսելյան այցի ամենահետաքրքրական
ու խնդրահարույց հատվածը հանդիպումն էր Յենս Ստոլտենբերգի հետ: Փորձագիտական հանրության
մի ստվար զանգվածի կարծիքների համաձայն, այս բանակցություններում ՀՀ-ն չունի օրակարգ,
հեռանկար, բովանդակություն, ուստի Ռուսաստան-ՆԱՏՕ (տվյալ դեպքում հավաքական Արևմուտք)
պատերազմական հարաբերությունների ֆոնին նման հանդիպումը կարող է ծառայել բացառապես
ՆԱՏՕ-ի հարավկովկասյան հակառուսական օրակարգին: Այստեղ փաստենք, որ նշված հանդիպման
վերաբերյալ ևս հաղորդագրություն տարածեց միայն հայկական կողմը։ Շրջանառվող տեղեկությունների
համաձայն՝ հայկական կողմի խնդրանքով ՆԱՏՕ-ն մանրամասներ չի հաղորդել այս բանակցությունների
օրակարգի վերաբերյալ: Սա խոսում է այն մասին, որ բանակցությունները փակ պահելը հերթական
անգամ ապացուցում է, որ Հայաստանը վերածվել է տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու գործիքի:
Արմեն Հովասափյան









