Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել է խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ:
«Դեռ հինգ տարի առաջ այս դահլիճում որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ մի օր կհավաքվենք և կքննարկենք, թե ինչու է Լաչինը փակ և ոնց կարող է ՀՀ տարածքները լինեն օկուպացված»,- այս մասին իր ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի հանրային և քաղաքական կյանքը գլխիվայր շուռ է եկել և շուռ տվել ամեն բան և Արցախում։
«Այս իրավիճակը, որի մեջ այսօր գտնվում է Արցախը և Հայաստանը, ունեն հիմնականում մեկ պատճառ՝ միտումնավոր սխալ, կեղծ, անողնաշար, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներկաքաղաքական իմաստով մորթապաշտ քաղաքականության հետևանք էր։ Ով էր խնդրել այս իշխանություններին հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդես գալ քառակողմ հայտարարությամբ , որի հստակ երևում է, որ Ադրբեջանը այն դարձնելու է հայաստանի համար ծուղակ և այսօր էր լկտիաբար պնդելու է , որ Արցախում շրջափակում չկա, հումանիտար ճգնաժամ չկա։ Մենք անթույլատրելի ենք համարում Արցախի բնակչության գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները։ Կտրականապես դեմ ենք ցանկացած պայմանավորվածությունների, գրավոր, թե բանավոր, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարները։ Քաղաքական իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է նրան, որ արցախյան հարցի շուրջ կան մութ կողմեր, որոնք սանձազերծել են Ադրբեջանի գործողությունները։ Պետք է հրապարակվեն բոլոր այն գրավոր և բանավոր խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո»,- ասաց Զաքարյանը։