Թերևս շատերս ենք
հիշում, որ երբ օրվա պետական պաշտոնյաները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին,
թե տնտեսական աճի արդյունքները պետք է համաչափ բաշխվեն հասարակության բոլոր խմբերի
միջև։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ նրանց հերթական խաբեություն էր. քաղաքացին
շարունակեց մնալ դատարկ գրպանով, իսկ փողոցից իշխանության եկածները կարճ ժամանակում
հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություններ կուտակել․ ավելին, թանկարժեք բնակարանների
ու մեքենաների տեր դարձան, կարող են իրենց մեծ ճոխություններ թույլ տալ, պետության
փողերը ծախսում են, ինչպես ուզում են, մաս-մաս են անում իրենց ու յուրայինների մեջ։
Այս ընթացքում հասարակությունը
շարունակում է աղքատանալ։ Ի դեպ՝ անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում
թաքցնել, որ աղքատության պատկերը մեր երկրում հիմա ավելի վատն է, քան մինչև այս մարդկանց
իշխանության գալը։ Առաջիկայում ավելի վատ կլինի, որովհետև շատերի համար տնտեսական աճի
արդյունքները շարունակում են անհասանելի լինել։ Դրան նպաստում է նաև իշխանությունների
իրականացրած սոցիալական քաղաքականությունը, եկամուտների անհամաչափ բաշխումը։ Բանն այն
է, որ չնայած սոցիալական բևեռացման խորացմանը, իշխանությունները նախապատվություն տալիս
են ոչ թե հասարակության աղքատ խմբերի, այլ իրենց եկամուտների արագ ավելացմանը։ Պետական
միջոցների հաշվին իրենց աշխատավարձերը հարյուր հազարներով են ավելացնում, իսկ սոցիալական
անապահով հատվածինը՝ մի քանի հազար դրամով։
Պատկերը մոտավորապես
հետևյալն է․ մարդկանց աչքին «թոզ փչելու» համար 3 հազարով ավելացրին թոշակներն
ու նպաստները, իսկ իրենց աշխատավարձերը՝ անգամներով ավելի շատ։ Բերեմ մի քանի փաստական
տվյալ․ հունվարի 1-ից հանրապետության նախագահի աշխատավարձը կբարձրանա
341 հազար դրամով, վարչապետինը՝ 324 հազարով, ԱԺ նախագահինը՝ 307 հազարով։ Նախարարի
աշխատավարձը կավելանա գրեթե 205 հազարով, պատգամավորինը՝ 171 հազարով (նշվածի հետ կապ
չունեն հայտնի պարգևավճարներն ու հավելավճարները)։ Ասել է թե Հայաստանում միանշանակ
կլինեն պաշտոնյաներ, որոնք մինչև 2 միլիոն, գուցե նաև ավելի շատ աշխատավարձ ու պարգևավճար
կստանան։
Այս ամենը վկայում
է այն մասին, որ այս քայլերով հերթական անգամ այս անհամաչափ բարձրացումները խորացնելու
են հասարակության բևեռացումը։ Հատկապես, որ դա արվում է այսպիսի բարձր գնաճի պայմաններում։
Սոցիալական հատվածի եկամուտներն ավելացնում են մի քանի հազար դրամով, այն պարագայում,
երբ գնաճի իրական ազդեցությունը դրանից անգամներով ավելին է։ Աստեղ խոսքը դեռ նախկինից
եկած գնաճի մասին է, որն իշխանություններն այդպես էլ նպատակահարմար չհամարեցին փոխհատուցել՝
սոցիալական վճարները գոնե ինդեքսավորելու միջոցով։ Բայց գնաճի ազդեցությունը չի սահմանափակվելու
միայն նախորդ տարիներով, 2023-ին, նույնպես, այն պահպանվելու է։ Ու այդ մարդիկ շարունակելու
են աղքատանալ։ Սոցիալական այն չնչին բարձրացումները, որոնք արվել են, հենց տարվա սկզբից
չեզոքանալու են բարձր գնաճի հետևանքով։ Այդ պայմաններում գոնե տարեսկզբից բարձրացնեին
կենսաթոշակներն ու նպաստները, որոշել են դա անել տարվա երկրորդ կեսից։
Այսօր իշխանությունները
գումարների պակասից են խոսում, այնինչ՝ կարող են իրենց ցանկացած ճոխություն թույլ տալ։
Հասարակության աչքին թոզ փչելու համար, իբր կրճատում են պարգևավճարները, սակայն իրականում
ոչինչ էլ չեն կրճատում, ավելին՝ մի բան էլ աշխատավարձերը ավելացնում, իրենց սիրած շատին՝
շատ, քչին՝ քիչ սկզբունքով։
Ինչպես կանխատեսում
են տնտեսագետներն, առաջիկայում կրկին սպասվում են թանկացումներ մի շարք ապրանքային
շուկաներում։ Դրանք լինելու են իշխանությունների արած այն օրենսդրական փոփոխությունների
հետևանքը, որոնք հետևողականորեն բերում են որոշ ապրանքների ամենամյա թանկացումներին։
Տարեսկզբից, նախորդ տարիների նման, ավտոմատ կավելանա ենթաակցիզային ապրանքների հարկային
բեռը, երբեմն բավական կտրուկ՝ խմիչքներ, ծխախոտ, վառելիք և այլն։
Ի դեպ՝ գնաճային
ճնշումները կարող են ավելանալ հատկապես ազգային արժույթի թուլացման հետ կապված։ Հայտնի
է, որ դրամն ամրապնդվել է ոչ թե մեր տնտեսության զարգացումների, այլ դրսից եկած մեծ
քանակությամբ տարադրամի հետևանքով։ Ասել է թե, եթե այս տարի դադարեն կամ նվազեն այդ
հոսքերը, ապա դրամը նույն հաջողությամբ կսկսի թուլանալ։ Ըստ էության՝ փոխարժեքներից
թելադրված գնաճը կարող է այս տարի ակտիվանալ, հավանականությունը բավական բարձր է։ Ու
այդ պարագայում էլ ավելի արագ կչեզոքանան այն չնչին հավելումները, որոնցով իշխանությունները
կերակրում են հասարակությանը։
Արմեն Հովասափյան









