Շուրջ երկու տարի
Իրանի շուրջ տեղի ուենցող քաղաքական լարված տարածաշրջանային տրամադրությունները աստիճանաբար
փոխակերպվում են ռազմական տրամադրությունների ու ռազմական ագրեսիայի։ Օրերս Իրանում
Ադրբեջանի դեսպանատան հետ կապված իրանաադրբեջանական հերթական լարված սկանդալի ֆոնին
Իրանի տարածքն օդային հարձակման ենթարկվեց իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից։
Իրանը պաշտոնապես տեղի ունեցածից դեռ շատ զուսպ տեղեկատվություն է տրամադրում, և չկա
որևէ կողմ, որը պաշտոնապես ստանձնում է այս օպերացիայի պատասխանատվությունը։ Սակայն
Wall Street Journal թերթը գրել էր, որ իրանական Սպահանում գտնվող ՊՆ–ի գործարանի վրա
անօդաչուներով հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։
Ի դեպ՝ ըստ նոյն
պարբերականի՝ սա Իսրայելի առաջին հայտնի հարձակումն է այն բանից հետո, երբ երկրի վարչապետ
կրկին դարձավ Բենիամին Նեթանյահուն։ Նշվում է, որ իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները
Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը զարգացնելու դեմ պայքարի նոր եղանակներ են
քննարկում։ Սպասվում է, որ Նեթանյահուի նոր կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնություն
չի տրամադրելու, սակայն շարունակելու է գաղտնի հարվածներ հասցնել Իրանի միջուկային
և ռազմական ծրագրերին։ Չնայած արևմտյան մամուլը ոգևորությամբ անդրադառնում է այս թեմային,
սակայն աշխարհը նաև սպասում է Իրանի հետագա գործողություններին և պատասխանին։
Ըստ էության՝ գործընթացները
խոսում են այն մասին, որ ռուս-իրանական ներկայումս ընթացող ռազմաքաղաքական համագործակցությունը,
ինչպես և կանախատեսվում էր, մեծ սպառնալիք է դարձել ԱՄՆ-ի համար, որն այլ խաղացողների
ձեռամբ նման օպերացիայով փորձում է Իրանին ավելի լոյալ դաշտ բերել՝ կտրելով Ռուսաստանից։
Այստեղ կարևոր է Իրանի պատասխանը, որից, ըստ էության, շատ բան է կախված, սակայն մեզ
հայտնի է նաև, որ Իրանը շատ զգուշավոր երկիր է և ներկայումս գտնվում է փաստերի ստուգման
փուլում, դրանով է պայմանավորված այդ պատասխանի ձգձգումը։ Ընդգծենք նաև, որ Իրանի պատասխանը
կարող է լինել շատ անսպասելի վայրում ու ժամանակահատվածում։ Բանն այն է, որ այդ երկրի
թիրախավորումը հետևողական, երկարատև բնույթ է կրում և իրականացվում է մի քանի խաղացողների,
այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, որը դեսպանատան հարձակման թեման վերածեց մեծ քաղաքական
խնդրի, թեև Իրանը բոլոր մակարդակներում փորձեց խուսափել լարվածությունից։ Արդեն կասկածից
վեր է, որ ամիսներ շարունակ Իրանի ներսում հակակառավարական տրամադրությունները հրահրվում
էին նույն ուժերի կողմից, ինչին հաջորդում է արդեն կոնկրետ թիրախային հարված։
Այստեղ շատ կարևոր
է արձանագրել, որ Իրանի շուրջ իրավիճակի ցանկացած փոփոխություն կամ Իրանում տեղի ունեցող
ցանկացած ցնցում միանշանակ բացասական է Հայաստանի համար։ Ինչպես հայտնի է՝ Ուկրաինայում
հատուկ ռազմական օպերացիայից հետո հատկապես ռուս-իրանական բանակցությունների արդյունքում
Իրանը վերադիրքավորվեց Հայաստանի հանդեպ, ավելին, սկսեց հանդես գալ՝ որպես մասամբ անվտանգային
երաշխավոր Հայաստանի համար՝ փորձելով հստակ դիրքորոշում հայտնել, Ադրբեջանի կողմից
պարբերաբար տիրաժավորվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ։
Այսօր արդեն ակնհայտ փաստ է, որ Իրանը որոշակիորեն ավելացրեց իր ներկայությունն Անդրկովկասում։ Ընդ որում՝ Իրանի
այս դիրքավորումն իր դերակատարաությունն է ունեցել ողջ տարածաշրջանի վրա։
Ուշադրության է
արժանի այն հանգամանքը, որ Իրանի դեմ ալյանսում բավականին ակտիվ է Ադրբեջանը, անընդհատ
միջադեպեր են տեղի ունենում իրանաադրբեջանական սահմանին՝ սահմանի նոր հատվածներում,
ինչը ևս պատահական չէ։ Անընդհատ հրահրում է տեղի ունենում, և Ադրբեջանը վերածվել է
լուրջ գործիքի այս հարցում։ Իրանի դեմ մեծ պատերազմը գոյաբանական խնդիր է ոչ միայն
տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։
Ի դեպ՝ շատ կարևոր
է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքն իր առանձնահատկություններն ունեցող տարածաշրջան
է, որտեղ օդային ռազմական օպերացիաները վերջին տասնամյակներին այնտեղի բնականոն կյանքի
մաս են դարձել, այստեղ զարգացումներն այլ արագություն ու տրամաբանություն ունեն։
Արմեն Հովասափյան









