Foto

Էքսցենտրիկ նշանակումների՝ աշխարհաքաղաքական պտուղները

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ անհասկանալի գործողությունների, աչքի է ընկնում իր էքսցենտրիկ ու անկանախատեսելի կադրային նշանակումներով ու «ռակիրովկաներով»։ Օրերս ականատես եղանք դրանցից հերթականին Փաշինյանը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում հերթական անհասկանալի էակին է նշանակել։ Նախկինում որպես ակտիվիստ հանդես եկած երիտասարդը հասցրել է աչքի ընկնել ոչ ավանդական արտաքինով, Արցախի վերաբերյալ հեգնական, իսկ հետո՝ ողբերգական իրականություն դարձած հայտարարություններով և ընդգծված հակառուսականությամբ։ Համաձայնեք, որ այս երիտասարդի նշված «հակումներն» այլևս դառնալու են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներ։

Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է հասկանալ, թե այնուամենայինվ, ի՞նչ նպատակներ է հետապնդում Փաշինյանն այս կամ այն աղմկահարույց նշանակմամբ։ Նա կարող էր արտգործնախարարի տեղակալի պաշտոնում նշանակել պակաս սկանդալային, անդեմ մեկին, որը, ինչպես և այս նորանշանակը, հնազանդ կատարելու էր իր նոլոր հրահանգները, հետևաբար՝ ինչու է նշանակել հենց Կոստանյան Վահանին։ Չի բացառվում, որ պատճառը նշանակվողի հակառուսական անցյալն է, որը ներկա բերելով՝ Նիկոլն ինչ-ինչ ուղերձներ է հղում ՌԴ-ին, չնայած Պուտինին հայհոյած Արարատ Միրզոյանին արտգործնախարարի պաշտոնում տեսնելուց հետո ռուսներին այլևս դժվար է զարմացնել։ Բայց այս նշանակմամբ Փաշինյանը լուծում է ևս մեկ խորքային, իր բնույթով հակապետական խնդիր՝ նա կազմալուծում է առանց այդ էլ դեգրադացվող արտաքին քաղաքականությունը կադրային իմաստով։

ԻՆչպես հայտնի է՝ փոխարտգործնախարարն ի պաշտոնե ղեկավարելու է դիվանագիտական համակարգը, այդ թվում՝ ԱԳՆ-ում և տարբեր երկրներում դեռևս պաշտոնավարող հին, կադրային, պրոֆեսիոնալ դիվանագետներին, որոնց պատեհապաշտությունը բավարարել է համակարգում մնալու համար։ Ինչ է ստացվում՝ նման կադրին փոխնախարարի այսպիսի նշանակմամբ՝ Փաշինյանը բազմափորձ դիվանագետներին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ վերջապես արժանապատվություն ցուցաբերել և հրաժարական ներկայացնել, կա՛մ ընդունել սույն երիտասարդի գերակայությունը և փոխաբերական իմաստով կատարել այն, ինչ գրված է նրա հայտնի այս լուսանկարի գուլպաներին։ Երկու դեպքում էլ Հայաստանը զրկվելու է դեռևս համակարգում մնացած պրոֆեսիոնալ դիվանագետներից, որովհետև նրանք՝ կա՛մ արժանապատվություն ցուցաբերելով՝ հեռանալու են, ինչը վատ է, կա՛մ՝ ընդունելով նվաստացման հերթական չափաբաժինը, շարունակելու են աշխատել, ինչը, թերևս, ավելի վատ է։

Ըստ էության՝ ընդամենը մեկ ճղճիմ նշանակմամբ Նիկոլը մեծագույն հարված է հասցրել առանց այն էլ կազմաքանդված հայկական դիվանագիտությանը։ Ավելի լայն համատեքստում, նման խայտառակ նշանակումներով նա շարունակում է իջեցնել ՀՀ՝ որպես պետական կազմավորման, նշաձողը յուրաքանչյուր հաջորդ նշանակում իր խայտառակությամբ լռեցնում է նախորդի առաջացրած աղմուկը։ Փաստացի Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե ինքը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա ցանկացած մեկը Հայաստանում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։

Ամփոփելով արձանագրենք հետևյալը․ այսօր Հայաստանում կադրային նշանակումները կատարվում են «վազքուղու էֆեկտի» հակառակ տրամաբանությամբ («վազքուղու էֆեկտ»՝ բնութագրում է նոր իր գնելուց հետո մարդու մոտ առաջացող էյֆորիան, որը կարճ ժամանակ անց վերանում էայդ իրը դառնում է սովորական, և մարդը ցանկանում են ձեռք բերել նոր՝ ավելի թանկարժեք իր)՝ ամեն մի սկանդալային նշանակում խայտառակում է պետական կառավարման համակարգը, իշխանության էյֆորիան անցնում է, ինչին հետևում է հաջորդ խայտառակությունը։ Ողբերգությունը կայանում է նրանում, որ Հայաստանն այսօր մարաթոնյան տեմպերով գլորվել է աշխարհաքաղաքական անդունդը։

Արմեն Հովասափյան