Եկատերինբուրգի «ԱՆԻ-Արմենիա» հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին մեղադրել են չհամաձայնեցված հանրահավաք կազմակերպելու մեջ և բերման են ենթարկել։ Այս տեղեկությունը հունվարի 26-ին NEWS.am-ին տված հարցազրույցում հաստատել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
«Հարցի էությունն այն է, որ եկեղեցու տարածքում կազմակերպվել է ակցիա՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին աջակցելուն։ Ոչ մի ուրիշ բան։ Կալանավորումը համարում ենք անօրինական, այս մասին բողոք ենք գրել, շարունակում ենք պայքարը։ Երեկ ես անձամբ խոսել եմ նրա հետ, հեռախոսը խլել են, հինգ օրով կալանավորել են։ Դրանից հետո մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ։ Մենք պատրաստվում ենք նրանց ազատելու համար:
Ադրբեջանական սփյուռքի գործունեության հետքերը 100 տոկոսով տեսանելի են։ Կարծում եմ, որ ադրբեջանական կապեր են ներգրավվել կալանքի հասնելու համար։ Այսօր շատ ադրբեջանցիներ աշխատում են ուժային կառույցներում, այդ թվում՝ դատախազությունում, և, իհարկե, այդ լծակները կիրառվեցին։
2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիները գտնվում են էյֆորիայի մեջ, նրանք դարձել են լրիվ սադրիչ, լկտի են պահում Ռուսաստանի Դաշնությունում՝ բոլոր առումներով։
Կարծում եմ՝ շատերը դրան ուշադրություն չեն դարձնում։ Շատ լուրջ աշխատանք է պետք, հայ ժողովրդը պետք է Ռուսաստանից ինչ-որ օգնություն ստանա, քանի որ երբեմն չգիտենք՝ ինչ անենք»,- ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։









