Foto

Ինչո՞ւ կոնսենսուս առանց Արցախի և Ռուսաստանի

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն այսօր կարծիք է հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու, և որ արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի, Իրանի և, բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։

Vesti.am-ը փորձեց հեղինակից պարզել, թե ինչո՞ւ են կոնսենսուսի շրջանակներից բացակայում Արցախն ու Ռուսաստանը: Չէ՞ որ տարածաշրջանում բոլոր իրադարձությունները ծավալվում են հենց Արցախի շուրջ, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ից տեղակայված են ռուս խաղաղապահներ, իսկ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա:

«Արցախը, ցավոք, սուբյեկտ չէ, Արցախի հետ որևէ մեկը կոնսենսուսի չի գալու: Արցախի փախարեն որոշումները կայացվում են պաշտոնական Երևանից և դա բոլոր կողմերին ձեռնտու է: Ճիշտ է, Արցախն ինքնուրույնության նշաններ է ցույց տալիս, բայց դա դեռևս նրան էական գործոն չի դարձնում:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նա կոնսենսուսի մաս չէ, քանի որ այս սցենարը Թուրքիայի համար շատ լավ հնարավորթյուն է ստեղծում ակտիվանալ Կենտրոնական Ասիայում: Արդյունքում՝ Թուրքմենական գազի համար նախատեսված Անդրկասպյան գազամուղի նախագիծը լոբինգ կարվի: Նաև նախատեսվում է նոր գազամուղ ու բարձրավոլտ էլեկտրացանց՝ հենց միջանցքով: Արդյունքում կշահի ԵՄ-ն՝ դիվերսիֆիկացնելով գազի մատակարարումներն ու նվազեցնելով կախվածությունն ԱՄՆ-ից: Միաժամանակ, այսօր Թուրքիայում ստեղծվող գազատրանսպորտային հաբից ակտիվորեն օգտվելու է նաև Իրանը՝ դեպի ԵՄ արտահանումն իրականացնելու համար:

Չի բացառում, որ ՌԴ-ն կոնսենսուսի մաս չէ, որովհետև ուղղակի դուրս կմնա տարածաշրջանից՝ Թուրքիայից ստանալով երաշխիքներ, որ բալանսավորված մոտեցում կցուցաբերի գազային հաբով վառելիքի արտահանման հարցում, այսինքն՝ կապահովի նաև ռուսական գազի արտահանումը: Ռուսներն առայժմ ստրատեգիական փակուղու մեջ են բոլոր ուղղություններով: Այսինքն Ռուսաստանը կոնսենսուսի բացահայտ կողմ չէ, բայց այդ կոնսենսուսը նրան պարտադրվում է»,- մեկնաբանեց Վահե Դավթյանը: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան