Foto

Քանի դեռ հաշվում ենք Նիկոլի օրերը

Եթե կուզեք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ քաղաքական կյանքը հայտնվել է ծուղակում, որը շարունակվում է մինչև օրս։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին որակեց դավաճան, կապիտուլյանտ և քաղաքական պայքարը կառուցեց այն տրամաբանությամբ, որ պետք է օր առաջ ազատվել նրանից։ Ընթացիկ քաղաքական մոդելավորման տեսանկյունից այդ հռչակումները և դրա վրա կառուցված քաղաքականությունը ծուղակ էր ու է՛ այն առումով, որ հանրային քաղաքական միտքն ու սպասումները տեղափոխեց մի հարթություն, որում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանի իշխանության օրերը հաշված են։

Թերևս պատահական չէ, որ անցած երկու տարիներին, անգամ մինչև օրս, եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ մերձքաղաքական շրջանակներում մոդայիկ են դարձել իմաստուն դեմքով ներկայացվող վերլուծություններն այն մասին, թե ահա ուր որ է, ահա այս ամսաթվից, այն հանդիպումից, մյուս այցելությունից կամ ինչ-որ բանից հետո Նիկոլը հեռանալու է իշխանությունից։ Քաղաքական-քարոզչական այս մարտավարության վտանգավորությունն ու ծուղակային բնույթն այն է, որ՝ գեներացնելով իռացիոնալ սպասում, քաղաքական միտքը, հանրային-քաղաքացիական ակտիվ շրջանակների էներգիան ուղղվում է կարճաժամկետ, միանգամյա ակտի սպասմանը՝ հեռանալով միջնաժամկետ, առավել ևս՝ երկարաժամկետ քաղաքական պլանավորումից, առանց որի քաղաքականությունն ուղղակի դատապարտված է ձախողման։ Իսկ այս իրավիճակը թակարդ է այն առումով, որ մինչ քաղաքական դաշտն ու հանրային ակտիվ շրջանակները սևեռվում են իշխանափոխության անիրական սպասումի վրա, նույն այդ իշխանությունն անգործության չի տրվում և բազմապատիկ ավելի արդյունավետ, քան ընդդիմության պայքարը, ամրացնում է իր դիրքերը։

2021-ի արտահերթ ընտրություններից հետո, ավելի քան մեկուկես տարի, Փաշինյանը հետևողականորեն, քայլ առ քայլ ամրացնում է սեփական իշխանության հենարանները՝ յուրաքանչյուր գործողությամբ ավելի մոնոլիտ դարձնելով իր իշխանությունը։ Միայն վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած օրենսդրական, կառուցակարգային փոփոխություններով վարչապետի լիազորությունները հասցվել են այնպիսի մակարդակի, որ «սուպերվարչապետական համակարգ» բնորոշումն այլևս ծիծաղելիորեն մեղմ է թվում։ Նա կերտում է հիպերսուպերվարչապետական համակարգ՝ իրեն ենթարկեցնելով պետական բոլոր առանցքային կառույցները, այն ամենը, ինչը, հերթական թե արտահերթ ընտրությունների դեպքում, ապահովելու է իր իշխանության վերարտադրությունը։

Հիմա ըստ էության․ փաստացի ՊՊԾ-ն այլևս վարչապետին ենթակա կառույց է, նորաստեղծ Ներքին գործերի նախարարությունը դե ֆակտո գտնվում է վարչապետի հսկողության ներքո։ Այս շարքում են նաև նոր ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, դատախազական համակարգն ամբողջությամբ, ԲԴԽ-ն ու, որպես հետևանք, դատական իշխանությունն ամեն օրվա հետ դառնում է գործադիրի կույրաղիքը, և այդպես շարունակ։ Ասել է, թե ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Փաշինյանն իր ենթակայության տակ է մտցրել գրեթե բոլոր ուժային կառույցները, ստեղծում է նորերը, մի խոսքով, ձևավորում է իշխանական ուժային գերհզոր համակարգ, որը կա և ապագայում էլ լինելու է իր իշխանության հիմնական հենարանը։

Փաշինյանը, բնականաբար, հասկանում է, որ ամեն օրվա հետ կորցնում է իր իշխանության սոցիալական բազան, հեղափոխական էյֆորիան այլևս հօդս է ցնդել, նախկինների դեմ քարզչությունը վաղուց ցանկալի արդյունք չի ապահովում, իր իշխանության կողմից պատուհասած աղետներն ու ցավն էլ հնարավոր չէ ամոքել։ Նա շատ փայլուն գիտակցում է, որ իշխանությունը պահպանելու և վերարտադրվելու համար անհրաժեշտ է ձևավորել կուռ ուժային համակարգ, ինչը և անում է։ Ընդ որում, այդ համակարգին նա ոչ միայն ենթարկեցնում է իշխանական իմպերատիվով, այլ դարձնում է իր իշխանության շահառուն։ Հավելենք, որ վերը նշվածն, ի թիվս այլ պատճառների, հնարավոր է դարձել նաև անցած երկու տարիներին քաղաքական դաշտում դոմինանտ դարձած «Նիկոլի օրերը հաշված են» մոլորության շնորհիվ։

Արմեն Հովասափյան