Foto

Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացվեն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատախազությունն առաջիկայում, ըստ ամենայնի, միջնորդություններ կներկայացնի ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության եւս երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Հերթը՝ դաշնակցական գործիչներինն է։

Հիշեցնենք, որ այս տարի դատախազությունն արդեն միջնորդություններ ներկայացրել է՝ ընդդիմադիր երկու պատգամավորի՝ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ։

Հետապնդումները, սակայն, այսքանով չեն ավարտվի։ Մեր ունեցած տեղեկություններով՝ «ցուցակում» հաջորդը Գեղամ Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանն են, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր ներկայացնելու հավանականության հարցը քննարկվում է դատախազությունում։

Նշենք, որ նրանց բոլորի անունները ներառված էր իշխանությունների «սեւ ցուցակում», որոնց մտադիր էին զրկել մանդաից։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ «ՔՊ»-ն շրջանառության մեջ էր դրել «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը. Որոշման նախագիծը ներառված ԱԺ խորհրդի հունվարի 13-ի նիստի օրակարգում, սակայն նիստը հետաձգվել էր մեկ շաբաթով՝ ընդդիմադիր պատգամավորների՝ նիստին չմասնակցելու պատճառաբանությամբ։ Այսօր արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե որոշել են 22 պատգամավորների մասով չդիմել ՍԴ, քանի որ նրանք արդեն մասնակցում են ԱԺ նիստերին։ Նկատենք, որ դա հայտնի էր նաեւ հունվարի 11-ին, երբ ԱԺ կայքում հայտնվեց պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, հետեւաբար Ալեն Սիմոնյանի ներկայացրած պատճառաբանությունն ուղղակի անլուրջ է։

Ակներեւ է, որ իշխանությունները փոխել են մարտավարությունը ու փորձում են քաղաքական հետապնդումը քողարկել քրեական վարույթներով, այսինքն՝ ընդդիմադիրներին ոչ թե մանդատից զրկել քաղաքական որոշմամբ, այլ քրեական վարույթներով մեկուսացնել քաղաքական գործընթացներից։