Foto

Առանց որևէ քննության գլխատեցին ամբողջ կորպուսի և բրիգադի հրամանատարությունը․ Վրթանեսյան

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին առավոտյան հայտնեց ՀՀ ՊՆ-ն։ Արդյունքում ունենք 15 զոհ և 3 վիրավոր։ ՀՀ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, իսկ նախարարի հրամանով կորպուսի հրամանատարի տեղակալները, շտաբի պետը և դեպքի առնչությամբ պատասխանատվություն ունեցող այլ պաշտոնյաներ։ Ըստ կառավարության նիստում վարչապետի, նախարարի և ՔԿ նախագահի հայտնած նախնական տվյալների՝ կացարարում ջեռուցում ապահովելու համար օգտագործվել է բենզին և բաց կրակ, ինչը չի թույլատրվում։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին։

-         Պարո՛ն Վրթանեսյանը, դեպքն ինչի արդյունք է։

-         Տվյալները նախնական են։ Զորամասում, ըստ վարչապետի ներկայացրածի, ջեռուցում չի եղել, օգտագործվել է վառարան։ Պետությունը, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում ինչ-որ տոնական լուսավորությունների համար, բայց միչև հիմա զինվորականները ձմեռային պայմաններում չունեն ջեռուցման համակարգեր, գիշերում են ինչ-որ վրաններում՝ վառարաններով տաքանալով, սա ինչի՞ մասին է խոսում։ Խնդիրը որտե՞ղ է։

-         Աշխատանքից ազատվեցին մի խումբ պաշտոնյաներ, ովքեր տիրապետում էին տվյալ տարածքի, զորամասի սպառազինությանը, կարևոր տվյալների, իսկ Գեղարքունիքի հատվածում ունենք թշնամու զորքի առաջխաղացում։ Վտանգավո՞ր չէ այս իրավիճակում նրանց միաժամանակյա պաշտոնից հեռացնելը։

-         Իհարկե, վտանգավոր է։ Առանց որևէ քննության բռնեցին, գլխատեցին ամբողջ կոռպուսի և բրիգադի հրամանատարությանը ու  միանգամից մեղավորներ նշանակեցին։ Կար զինվորական ռազմական տեսչական մարմին, որը վարչապետին կից էր, իսկ 2018թ-ից պաշտպանության նախարարին է կցված, այսինքն՝ ստուգող մարմինը դարձավ ստուգվողի ենթական։ Լրիվ աբսուրդային իրավիճակ։ Այսքան տարի չէին կարո՞ղ ստուգել, թե ի՞նչ պայմաններ են զորամասերում։ Մենք, ըստ էության, բանակում համակարգային խոր ճգնաժամի դրևորումներ ենք տեսնում, իսկ այդ երևույթի մասին 2018թ-ի ամռանից բարձրացրել եմ։  Իսկ այս մասշտաբի ազատումները նշանակում են կորպուսը գլխատել։ Հետևանքը պաշտպանունակության կտրուկ թուլացումն է լինելու։

-         Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ ազատումները պայմանավորված են նրանով, որ մյուսների համար, այպես ասած, «դաս լինի»։

-         Ինչ է նշանակում «դաս լինի»։ Մենք ի վերջո օրենքներով առաջնորդվող պետությո՞ւն ենք, թե՞ մոնղոլ-թաթարական ինչ-որ ցեղ. դուրը չեկավ՝ գլխատում են։ Սա, փաստորեն, ցուցադրական պատիժ է։ Սա արվում է Նիկոլ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից հնարավոր մեղադրանքները ինչ-որ նշանակված մեղավորների վրա փոխանցելու համար։ Պոպուլիստական քայլեր են։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան