Ընդամենը երկու օր առաջ Livenews.am-ի «Երկրորդ կարծիք»
հաղորդաշարի եթերում ասում էի, որ բանակի բարեփոխում Հայաստանի Հանրապետությունում
գոյություն չունի: Այն, ինչը մեզ Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես բարեփոխում,
ելակից ու ատեստացիաներից այն կողմ չի անցնում: Այն ինչ կատարվեց Ազատի զորամասում,
ողբերգություն է, որից ապահովագրված չէ ոչ մեկը, ոչ մի զորամաս և ոչ մի զինվոր:
Երբ կառավարության
նիստում Փաշինյանը պաշտպանության նախարարին և քննչական կոմիտեի ղեկավարին հարցնում
էր, թե իսկապե՞ս հրդեհը վառարանը բենզինով վառելու պատճառով է եղել, ակամայից հիշեցի,
թե ինչպես էր 2020 թվականի հուլիսի տավուշյան դեպքերից հետո հորթի նույն հայացքով Դավիթ
Տոնոյանին հարցնում, թե ադրբեջանական ուազիկն իսկապե՞ս մոլորվել էր: Տպավորություն
է, որ ուզում է հենց սկզբից, հենց հիմա հաստատել վարկածն ու թաքցնել իրական պատճառները:
Որքան էլ զինվորին ելակով կերակրես ու ռազմական ինստիտուտ ընդունվողին երեք սենյականոց
բնակարան տաս, դրանով բանակի մարտունակությունը չես բարձրացնի: Բանակի մարտունակությունն
առաջին հերթին մարտական պատրաստվածությամբ է որոշվում, որի անբաժանելի ու կարևոր մասը
նաև հակահրդեհային անվտանգությունն է: Հարց է ծագում, ինչո՞ւ զորամասի զինվորները պատրաստ
չեն եղել կրակն արագ մարելու, կացարանի տարածքն արագ լքելու, տուժածներին արագ օգնություն
ցուցաբերելու համար: Ինչո՞ւ է 21-րդ դարում «աննախադեպ» տնտեսական աճ ունեցող երկրի
բանակի զորանոցը բաց կրակով ջեռուցվում: Հարցերը բազմաթիվ են ու պատասխաններն էլ են
ակնհայտ, բայց կրկին գլխավոր պատասխանատուները մնացին տեղերում և անմիջապես «եզրայիններ»
նշանակվեցին՝ կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները ու էլի մի քանի մանր պաշտոնյաներ:
Փաշինյանի համար սովորական
գործելաոճ է՝ նշանակում ես մեղավորներ ու «մտահոգ» դեմքով գնում ես խոզ խանձելու:









