Foto

ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիային եւ Հունաստանին կործանիչների միաժամանակյա վաճառքի մասին տեղեկությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը հրաժարվել է մեկնաբանել The Wall Street Journal-ի տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային 20 մլրդ դոլարով F-16 կործանիչներ եւ Հունաստանին նոր սերնդի F-35 ռազմական օդանավերի վաճառելու համար։

«Քաղաքականությանը համապատասխան՝ նախարարությունը չի պատրաստվում մեկնաբանել պաշտպանական ակտիվների առաջարկվող վաճառքը կամ փոխանցումները, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն ներկայացվել Կոնգրեսի ուշադրությանը: Բայց ես կցանկանայի ասել, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հունաստանը ՆԱՏՕ-ում կենսական կարեւորություն ունեցող դաշնակիցներ են, եւ մենք, իհարկե, նրանց անվտանգության սարքերին աջակցելու պատմություն ունենք։ Բայց ես պարզապես չեմ պատրաստվում առաջ անցնել այդ գործընթացից»,-ասել է Փաթելը։ 

Վերջին շրջանում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարված են Թուրքիայի իշխանությունների կողմից Հունաստանին ուղղված մշտական սպառնալիքների պատճառով։ Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական սպառնալիքներն է  հնչեցրել՝ Աթենքին մեղադրելով «տարածաշրջանում, այդ թվում Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքներն ու շահերը ոտնահարելու մեջ»։

Հունական ԶԼՄ-ները սկսել են անհանգստությամբ գրել «Թայֆուն» հրթիռի գործողության շառավղի մասին՝ պնդելով, որ Անկարան կարող է հարված հասցնել Աթենքին։