Այսօր բոլոր միջոցները պետք է փորձել՝ լարվածությունը թուլացնելու համար։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Ֆրանսայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պաատսխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերսկսելու համար։
«Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է երկխոսությանը վերադառնալը։ Մինսկի խումբը դրա համար ստեղծված հարթակներից մեկն է՝ միակը չէ, բայց կարևոր է։ Ուստի կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում երկխոսությանը»,-շեշտեց Ֆրանսիայի ԱԺ նախագահը։
ՀՀ ԱԺ նախագահն էլ ավելացրեց, որ այսօր մի իրավիճակ է ստեղծված, որ կան մի քանի ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի խմբին։
«Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել են, որ կգնան շարունակական համագործակցության։ Ռուսաստանի կողմից ևս հայտարարություն եղել է, որ պատրաստ են քննարկել դրա հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Ֆրանսիայի ու Մոսկվայի նախաձեռնությամբ մի երկու ֆորմատ էլ կա, որոնք զբաղվում են նույն հարցով և որոնք պակաս կարևոր չեն։ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ պետք է որևէ ձևով չնվազեցնենք մնացած ֆորմատները, ինչպես նաև Պրահայում Մակրոնի նախաձեռնությամբ ձևավորված ֆորմատը»,-ասաց Սիմոնյան։









