Foto

Մերցի պահպանողական դաշինքը «կոշտ վերջնագիր» կներկայացնի ֆոն դեր Լեյենին․ Politico

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության պահպանողականները պատրաստվում են «կոշտ խնդրագիր» ներկայացնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ բիզնեսի զարգացումը զսպելու պատճառով։ Այս մասին ապրիլի 27-ին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Գերմանացի պահպանողականները պատրաստվում են խնդրագիր ներկայացնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կա՛մ նրանք կսանձեն Բրյուսելի բյուրոկրատիան ու վերահսկողությունը, կա՛մ իրենք նոր արշավ կսկսեն Եվրահանձնաժողովի լիազորությունների սահմանափակման համար»,- ասված է հոդվածում։

Պարբերականի տվյալներով՝ ֆոն դեր Լեյենը ներկա է գտնվելու պահպանողականների հավաքին, որը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, Բեռլինում։ Նշվում է, որ դաշինքը մտադիր է Եվրահանձնաժողովից պահանջել արագացնել Եվրամիության (ԵՄ) «ծանրակշիռ կարգավորումների» կրճատումը, քանի որ դրանք խոչընդոտում են գերմանական բիզնեսի առաջխաղացմանը։

Politico-ն հայտնում է, որ խորհրդարանական խմբի ռազմավարական հուշագրի նախագծում ներառված է Եվրահանձնաժողովին ուղղված 27 կետից բաղկացած ցուցակը։ Առաջարկվող միջոցներից մեկը ԵՄ գործադիր իշխանությունը վերահսկող մարմնի հսկողության տակ դնելն է, որը վետոյի իրավունք կունենա ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնության նկատմամբ։ Մեկ այլ պահանջով եվրոպական կառույցներից պահանջվում է որդեգրել սեփական լիազորությունների ավելի սահմանափակող մեկնաբանություն և կրճատել անձնակազմի թվաքանակը։

Գերմանացի օրենսդիրները համարում են, որ Եվրահանձնաժողովի մինչ այժմ ձեռնարկած նախաձեռնությունները «այդքան էլ բավարար չեն» թե՛ իրենց մասշտաբով, թե՛ իրականացման տեմպերով։