Ակնհայտ է, որ հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը ստեց, թե իր և Արցախի իշխանությունների
տեսակետների միջև, հակամարտության կարգավորման տրամաբանության վերաբերյալ, հակասություններ
չկան: ԱԽ անվտանգության խորհրդի երեկվա հայտարարության մեջ պազորոշ ասվում է. «ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»: Սա ոչ միայն ապացուցում է,
որ Փաշինյանի և հավաքական Արցախի միջև տարաձայնություններ կան, այլև հաստատում է, որ
Արցախը Փաշինյանից դիստանցավորվելու քայլ է անում: Սա ակնհայտորեն խառնում է Փաշինյանի
խաղաքարտերը, որովհետև իր պատկերացրած «խաղաղության օրակարգում» Արցախը պետք է տեղավորվի
բացառապես իր և Ալիևի նախանշած ուղեծրում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի, Ադրբեջանի կազմից դուրս տեսական և գործնական շանսեր չունենալու տրամաբանության մեջ:
Առաջին հայացքից Փաշինյանին պետք է որ բավարարեր Արցախի ինքնուրույն գործելու
ցանկությունը, որովհետև արդեն տևական ժամանակ առաջ է տանում Բաքվի և Ստեփանակերտի միջև
ուղիղ խոսակցության թեզը: Սակայն խնդիրն այն է, որ Արցախը, եթե նույնիսկ ուղիղ երկխոսություն
սկսի Ադրբեջանի հետ, չի ցանկանում դա անել Փաշինյանի օրակարգով, այսինքն Փաշինյանի
անձը, որպես Արցախին ուղղորդող կամ պարտադրող գործոն, Բաքվի համար կարող է կորցնել իր նշանակությունը:
Իսկ սա ուղիղ վտանգ է Փաշինյանի անձնական իշխանությանը, անվտանգությանը և ընդհանրապես
գոյությանը, որովհետև այս ամենի անուղղակի երաշխավորը մինչև հիմա եղել և մնում են Ադրբեջանն
ու Թուրքիան (զորավարժություն չանենք, որ չսադրենք, ձների մեջ մնացած դիրքերի համար
պատերազմ չսկսենք և այլ):
Ահա այս տրամաբանության մեջ է, որ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը, իբր
մտահոգվելով Լաչինի միջանցքի շրջափակմամբ, փորձում է մատ թափ տալ Արցախի ժողովրդի
և իշխանությունների վրա՝ ասելով, թե «պետք
է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից»: Ավելին, Փաշինյանն Արցախին
կարծես նաև սպառնում է, իբր այդ «ինքնագլխության» պատճառով ինչ-որ մեկը (հավանաբար նկատի
ունի Ադրբեջանին) արցախցիներին կարող է մեղադրել «կառուցողական
խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»: Նման մի բան էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում Քարվաճառն ազատագրելու օրերին:









