Foto

Եկեք, վերջապես, մի քանի հարցի պատասխանենք. Գ. Պետրոսյան

Էն որ իրար հույս են տալիս, թե պետությունը մնայուն է, իշխանությունը անցողիկ, ուղղակի մոլորություն է, եթե այդես չի մտածում հենց իշխանությունը: Պետությունը նախ և առաջ հենց պետական իշխանությունն է, միջպետական հարաբերությունը (դաշնակցային, թե մեկ այլ բովանդակության) նախ և առաջ իշխանությունների միջև հարաբերությունն է:
Շարունակ քննարկելու փոխարեն՝ դաշնակից ունենք, թե ոչ, մի քանի հարցի վերջապես եկեք պատասխանենք.
1. Ունե՞նք այնպիսի իշխանություն, որը պատկերացում ունի տարածաշրջանի պատմության, աշխարհագրության, քաղաքական շահերի կառուցվածքի ու գոնե մի քանի հարյուր տարվա կտրվածքով քաղաքական զարգացումների տրամաբանության վերաբերյալ:
2. Ունե՞նք իշխանություն, որի նպատակը, բացի ինքնապահպանման և ինքնավերարտադրման նեղ ծրագրերից, ներառի նաև աշխարհայացքային այնպիսի սկզբունքներ, որոնք կոչված լինեն աշխարհաքաղաքական փոփոխությունների հեռանկարում Հայաստանն ավելի ուժեղ դարձնելուն:
3. Ունե՞նք իշխանություն, որը քաղաքականության դինամիկան ընկալում է ոչ թե ցանկալիի և անցանկալիի, այլ հավանականի ու անհավանականի միջակայքում:
4. Ունե՞նք իշխանություն, որը գոնե մասամբ հասկանա, որ փոքր պետությունների պարագայում արտաքին քաղքականությունը գերակա է ներքինի նկատմամբ, և որ ներքին գործընթացներն ու դրանց տրամաբանությունը ամբողջությամբ պրոյեկտված են հենց հաջող կամ անհաջող արտաքին քաղաքականությունից:
5. Ունե՞նք իշխանություն, որը հասկանում է մի պարզ բան, որ խաղաղությունը ձեռք է բերվում ուժերի հավասարակշռության ճանապարհով: Իսկ ուժերի հավասարակշռության տեսությունն ընդամենն ասում է՝ խաղաղությունն ավելի հավանական է այնտեղ, որտեղ հավանական պատերազմողների միջև առկա է ռազմական, քաղաքական և տնտեսական հավասարություն:
6. Ունե՞նք այնպիսի իշխանություն, որը հասկանում է՝ եթե իզորու չես միայնակ ուժերի հավասարակշռություն ապահովել, այսինքն՝ ռազմական, քաղաքական, տնտեսական հավասարություն ձևավորել, հարկադրված ես ուղղակի դիմել դաշինքների և միությունների օգնությանը: Այլապես խաղաղություն թախանձելով էլ կոչնչանաս:

Գարեգին Պետրոսյանի ՖԲ էջից