Foto

Ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է Ադրբեջանի մաս. ԼՂ ժողովուրդը պետք է Ադրբեջանի իշխանությունների հետ հաղորդակցության մեջ լինի. Փաշինյան


Այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է Ադրբեջանի մաս, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, գուց նաև, այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի տեքստեր են  թղթի վրա գրված ու մենք կարող ենք նաև չնկատելու տալ, դա մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝  ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը, խոսույթը, ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, ինչը իր հետ բերել է հետևանքներ:

«Այն, որ մենք  Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂ ինքնավար մարզի ու Հայաստանի Հանրապետության վերամիավորման  մասին Գերագույն խորհրդի ու Ազգային խորհրդի  համատեղ  որոշմանը, ու դրանից մեկ տարի անց  տեղի է ունեցել հանրաքվե ԼՂ անկախության  հռչակման մասին, ու 2007 թվականին մենք Մադրիդյան  սկզբունքներով ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ ապագայում տեղի ունենալիք  հանարաքվեով, մենք , փաստորեն, հերքել ենք  1995 թվականի դեկտեմբերի հանրաքվեն։ Այդ ամենը դրա արտահայտությունն է:  Եթե 2007 թվականի հանրաքվեն չի որոշել ոչ մի կարգավիճակ, հետևաբար, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը», - ընդգծեց Փաշինյանը:

Նա ասաց, թե իրենց  քաղաքականությունն այնպիսին է , որ աջակցեն՝ ԼՂ ժողովուրդը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում,  շարունակի մնալ հայ, իրեն համարի ղարաբաղցի:

«Դեռևս 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրն ու ԼՂ  հարաբերությունները, այլ  ԼՂ ժողովուրդը պետք է որոշի, ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի,  այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս համատեքստում պետք է որոշվի հարցը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝  Aysor.am