Foto

Իրականության հետ առերեսվելու հրամայականը

Բերձորի միջանցքի շրջափակման թեման դարձավ հայ-ռուսական հերթական բարձրաստիճան կշտամբանքների ու աննախադեպ կոշտ տոնայնության պատճառ։ Քաղաքական իրադարձություններին հետևող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ վերջին տարիներին հայ-ռուսական հրապարակային հարաբերություններում քննադատական տոնայնությունն անընդհատ սրության նորանոր մակարդակներ է ձեռք բերում՝ յուրաքանչյուր նոր սկանդալ ավելի սուր ու աննախադեպ է դառնում, քան նախորդը։ Սա այլևս միտում է հայ-ռուսական հարաբերություններում, որը դեռ շարունակվելու է։

Շատերս ենք փայլուն հիշում, որ տարեվերջին Մոսկվայում նախատեսվող եռակողմ Միրզոյան-Լավրով-Բայրամով նախապես համաձայնեցված հանդիպմանը Երևանի չմասնակցելու որոշումը Լավրովը և Բայրամովը կարողացան լավագույնս օգտագործել՝ Երևանին ներկայացնելով ապակառուցողական կողմ, իսկ Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը՝ ադրբեջանական լույսի ներքո։ Ավելին, Լավրովի կողմից քննադատության արժանացավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը՝ ռուս խաղաղապահների դեմ իր հայտարարությունների համար, այլև Արարատ Միրզոյանը, որը, ըստ Լավրովի, առանց նախապայմանների մեկնում է եվրոպական մայրաքաղաքներ՝ բանակցությունների, ինչպես նաև դիվանագիտական խողովակներով չի հաղորդում հանդիպման չեղարկման մասին։ Հավելենք նաև, որ հնչող քննադատություններից զերծ չմնաց նաև Ռուբեն Վարդանյանը (ով ոչ միայն ադրբեջանցիների կոկորդին է կանգնած, այլև ՔՊ-ականների), ում սկզբից անդրադարձավ Ջեյհուն Բայրամովը՝ հորդորելով անհապաղ հեռանալ Արցախից, այնպես էլ Լավրովը` ասելով, թե Վարդանյանը որևէ կապ չունի ՌԴ ու ՌԴ իշխանությունների հետ։

Միանշանակ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա, ինչը պայմանավորված է այն քննադատություններով, որոնք հնչում են ՌԴ քաղաքականության և այս փուլում՝ նաև ռուս խաղաղապահների հասցեին։ Ակնահյտ է նաև, որ Մոսկվան դրանց ինչ-որ կերպ պետք է անդրադառնար ու արձագանքեր, և, ըստ էության, որոշ մեկնաբանությունների համար ընտրվեց այդ հարթակը։

Գաղտնիք չէ, որ հրապարակային դիվանագիտությունը երբեմն քիչ կապ ունի քաղաքականության հետ։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում ՌԴ շահերը կապված են թե Հայաստանի, թե Ադրբեջանի, ներկայումս նաև՝ ոչ պակաս կարևոր Արցախի հետ։ Եթե մի կողմ թողնենք հրապարակային հռետորաբանությունը և ուշադրություն դարձնենք լուրջ հարցերի մեկնաբանություններին, ապա կտեսնենք, որ ռուսական քաղաքականությունը փաստացի աշխատում է այս երեք սուբյեկտի հետ (իհարկե, կոնկրետ վերապահումներ միտ էլ առկա են)։ 

Ըստ էության՝ ներակյումս ՀՀ իշխանություններն իրենց բացահայտ մանևրներն են անում, ցույց տալով, որ Ռուսաստանի հետ ունեն անհամաձայնություն և ինչ-ինչ պահանջներ են առաջ քաշում՝ այդ թվում աշխարհաքաղաքական վետորի փոփոխության առումով, ինչին էլ չի ուշանում Մոսկվայի համապատասխան արձագանքը։

Ընդհանուր առմամբ բնական է, որ այս բոլոր խնդիրները Ռուսաստանի համար բացատրվում են գլոբալ օրակարգով՝ Ուկրաինայի հարցով։ Շատ հարցեր նման սրություն չեն ունենա, Ռուսաստանի դեմ այլ գոտիներում խնդիրներ չեն լինի, եթե այս թեժ փուլը հաղթահարվի։ Ակնահյտ է, որ ներկայիս փուլում Ռուսաստանի համար իր ազդեցության տարբեր գոտիներում ցնցումները բնական երևույթ են։

Այնուհանդերձ աներկբա է, որ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակը և, դրանով պայմանավորված, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն ունի ռուսական կողմին հասցեագրված քննադատությունների վրա և, տվայալ պարագայում, ռուսական կողմի համար որքան էլ տհաճ լինի կոնկրետ քայլեր անել և որոշումներ կայացնել, պետք է առերեսվի դաժան իրականության հետ։

Բանն այն է, որ կիսահղի չեն լինում․․․

Արմեն Հովասափյան